ՓՊ-ի նախագահը դատական դեպարտամենտի ղեկավարի հետ քննարկել է փաստաբանների զննության միջադեպերը
SocietyՓաստաբանների պալատի նախագահն այցելել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ դատական դեպարտամենտի ղեկավարի հետ քննարկել է փաստաբանների զննության միջադեպերը:
Հունիսի 30-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
«Խնդիրը նրանում է, որ փաստաբաններին չի կարելի խուզարկել, այլ կարելի է զննել: Փաստաբանի զննությունը նախատեսված է օրենքով, ուստի անհրաժեշտություն կա որոշելու, թե որ դեպքում է խուզարկություն, որ դեպքում զննություն»,- ասաց Զոհրաբյանը:
Նրա խոսքով` զննության դեպքում դատական կարգադրիչի կողմից կատարվում է տեսանելի օբյեկտների դիտարկում:
«Այսինքն` ինչը նա տեսնում է առանց որևէ միջամտության: Իսկ եթե ձեռքի միջոցով փորձում է պայուսակը բացել, արդեն խուզարկություն է: Մյուս կողմից, եթե դատական կարգադրիչը փաստաբանին պայուսակը բացելու հրահանգ տա, որպեսզի տեսնի ազդանշման պատճառ հանդիսացող իրը, փաստաբանը կարող է բացել և ցույց տալ այդ իրը»,- ասաց Փաստաբանների պալատի նախագահը:
Նրա խոսքով` շատ կարևոր է, որպեսզի զննության ժամանակ փաստաբանի նկատմամբ չցուցաբերվի խտրական և մասնագիտական արժանապատվությանը նվաստացնող վերաբերմունք:
ՊՊԾ գնդի գրավման և Ժիրայր Սեֆիլյանի ու մյուսների գործերով դատական նիստերից առաջ մի խումբ փաստաբաններ հրաժարվում են զննության ենթարկվել դատական կարգադրիչների կողմից, որակելով այն որպես խուզարկություն: