Yerevan, 27.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ-ն բարեխղճորեն կատարում է միջազգային պարտավորությունները. Էդվարդ Նալբանդյանի պատասխանները ԱԺ-ում հնչած հարցերին

Politics

Եթե միջազգային հարթակում մենք առավելություններ ունենք մեր քիչ ռեսուրսներով, դա պայմանավորված է նրանով, որ մենք բարեխղճորեն կատարում ենք մեր միջազգային պարտավորությունները։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝  ԱԺ-ում բյուջետային քննարկումների ընթացքում պատասխանելով պատգամավորների հարցերին։ Ներկայացնում ենք հնչած հարցերի ու ապատախանների երկրորդ մասը։

Ռաֆիկ Գրիգորյան. Շնորհակալություն: Կփորձեմ հակիրճ լինել: Պարո՛ն նախարար, Դուք շեշտեցիք, որ մենք արտերկրում ունենք 57 դեսպանատուն: Նախորդ տարի՝ 2016թ., պետական բյուջեից մեկ դեսպանատան գնման համար գումար է հատկացվել: Կցանկանայի իմանալ, քանի որ, ինչպես մենք, այնպես էլ մեր հայրենակիցները, քաջ գիտակցում ենք, որ եթե պահանջում ենք դիվանագետից լավագույն աշխատանք, նաև պետք է պայմանները լավը լինեն: Մեր դեսպանատների շենքերից քանի՞սն են Հայաստանի Հանրապետության սեփականությունը, քանի՞սն են օտար պետությունների շենքերում տեղակայված, և ի՞նչ պետք է արվի, որպեսզի ամբողջը լինի ՀՀ սեփականություն: Կարծում եմ, երբ որ դեսպանատան շենքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, դեսպանն ավելի լավ կաշխատի:

Էդվարդ Նալբանդյան. Այսինքն՝ դեսպանի լավ աշխատանքը կախված է` դեսպանատունը վարձակալվա՞ծ է, թե՞ հանդիսանում է սեփականություն: Կարծում եմ, դրանից չէ կախված: Իհարկե, ճիշտ կլինի, եթե մեր հնարավորությունները ներեն, ճիշտ ուղղությամբ եք տանում Ձեր հարցադրումը, եթե մեր սեփականությունը լինի, պետությունը վարձակալության լրացուցիչ ծախսեր չի անի: Վերջին հաշվով, պարզ է, որ վարձակալությունը մեր գրպանից է դուրս գալիս: Բայց նման բան իրականացնելու համար հնարավորություններ ձեռք բերելը, հատկապես որոշ երկրների պարագայում, բավական դժվար է: Այո՛, որովհետև, եթե նայենք, որոշ երկրների պարագայում հնարավոր է, որ դա կազմի արտաքին քաղաքականությանը տրամադրվող բյուջեի մեկ երրորդը: Արդյո՞ք Հայաստանն այսօր կարող է դա անել: Իհարկե, դժվար է: Դրա համար այդպիսի հավակնություններ ունենալ, պահանջել Կառավարությունից, որ մեր բյուջեում հատկացնեն գումարներ` այդ նպատակին հասնելու համար, որ բոլորը լինեն ՀՀ սեփականություն, այո՛, այդպիսի նպատակ կա, բայց դա երկարատև ճանապարհ է:

Այսօր մոտավորապես 20-25%-ն է, որ մեր սեփականությունն է: Դա էլ արդեն մեծ ձեռքբերում է, որ կարողացել ենք այդքանին հասնել: Բայց դա երկար ճանապարհ է: Դժվար բան է: Գիտեք, որ սեփականությունը հատկապես եվրոպական որոշ երկրներում այնպիսի գների է հասնում, որ եթե դիվանագիտական ներկայացուցչություն է, որտեղ Հայաստանի դրոշը պետք է բարձրացվի, ապա դա չպետք է ինչ-որ խեղճուկրակ մի բան լինի: Ավելի լավ է չգնել, սպասել, երբ հնարավորություններ ունենանք, որպեսզի պատշաճ ձևով համապատասխան լուծումներ գտնենք: Բայց, վստահ եղեք, այնտեղ, որտեղ մենք հնարավորություն ենք ունենում լուծումներ գտնել ոչ պետական բյուջեից, մենք դա անում ենք:

Արարատ Զուրաբյան. Հարգարժա՛ն պարոն նախարար, ես մի քանի հարց ունեմ: Առաջինը, մեր հարգելի Հանրապետական կուսակցության՝ իշխանություն ստանձնելու օրվանից ի վեր, կարելի է ասել այդ ժամանակահատվածից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դուրս է մնացել բանակցային պրոցեսից: Հիմա, ի՞նչ է անում քաղաքական թիմը և, մասնավորապես, նրա գործադիր մարմինը՝ Արտաքին գործերի նախարարությունը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը վերադառնա բանակցային սեղան: Ինչպե՞ս է գնահատում, ի՞նչ միջոցներ, օրինակ, անհրաժեշտ կլինեին, որպեսզի դա տեղի ունենար: Ի՞նչ է անհրաժեշտ անել այս ուղղությամբ:

Երկրորդը: Դուք՝ որպես Արտաքին գործերի նախարար, երկու գործառույթ ունեք, բնականաբար, նախարարի գործառույթը, ինչպես նաև, ասենք, կազմակերպչական գործառույթ: Ես կցանկանայի, որպեսզի Դուք յուրաքանչյուր լումայի համար այստեղ կռվեիք ու փորձեիք ամեն ինչ անել, որպեսզի արտաքին գերատեսչության ֆինանսավորումը հնարավորինս մեծանար, և կոչ կանեմ Ձեզ երբևիցե չընդունել այն խաղի կանոնը, որ Կառավարությունը կամ պետությունը կարող է թելադրել, երբ որ ասում է՝ միջոցներ չկան: Սա նման է հետևյալին. երեխան կարող է ընդունվել ու սովորել Հարվարդի համալսարանում, բայց միջոցներ չունենք, պետք չէ սովորել: Միջոցները պետք է հայթայթել, պետությունը պետք է գտնի այլ ուղղություններ, որտեղ կարող է կրճատել իր ծախսերը, բայց այս ոլորտն այն ոլորտն է, որ յուրահատուկ է:

Եվ երրորդը, մենք խոսում ենք 57 ներկայացուցչության մասին, որ գործում է արտերկրում, տարբեր երկրներում. ըստ էության, հարյուրից ավելի պետություններում Հայաստանը որևէ ձևով ներկայացված չէ: Չե՞ք կարծում արդյոք, որ դա, ընդհանուր առմամբ, հարվածում է մեր արտաքին հարաբերությունների կառուցմանը, աշխատանքին և այլն, որովհետև, ունենալով ներկայացվածություն տարբեր միջազգային կառույցներում, այլ երկրներում, մենք կարող ենք ունենալ բարեկամներ, տարբեր միջազգային կառույցներում մեզ համար քվեարկողներ, և այլն, և այլն: Շնորհակալություն:

Եվ մի բան էլ, եթե կարելի է, արտաքին հարաբերությունների կարևորագույն գործառույթներից մեկն էլ, ինձ թվում է, այն է, որ երկրները, միջպետական հարաբերություններ կառուցելով, յուրաքանչյուրը նաև իր տնտեսական շահն ունի: Այս բնագավառում ի՞նչ է արվում ընդհանրապես:

Էդվարդ Նալբանդյան. Նախևառաջ, շնորհակալ եմ, որ կարևորում եք արտաքին ոլորտին և արտաքին գործերի նախարարությանը տրամադրվող գումարները, և գտնում, որ դա պետք չէ առնվազն նվազեցնել։ Այս տարիների ընթացքում Ազգային Ժողովում ես որևիցե մեկից չեմ լսել, որ ասեն, որ պետք է նվազեցնել մեր ծախսերն արտաքին քաղաքականության ոլորտում: Չնայած այլ կարծիքներ էլ կան։ Օրինակ՝ ես ամիսը մեկ առանց արձանագրության, «off-the-record», հանդիպումներ եմ ունենում քաղաքագետների, լրագրողների հետ արտգործնախարարությունում։ Ոմանք հարց են տալիս՝ ինչու՞ է պետք այդքան դեսպանություն:

57-ը դա ներկայացուցչությունների թիվն է։ Այսինքն՝ դեսպանությունները, միջազգային կառույցներում մեր ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները:

Այս տարիների ընթացքում մեր պատգամավորների կողմից բազմիցս հնչել էր շատ բարի ցանկություն և առաջարկ արտաքին գործերի նախարարին, որ Դուք մեր առջև դրեք այդ հարցը, և արտաքին քաղաքականության բյուջեն կավելացնենք: Իհարկե, դրանք լավ ցանկություններ են, բայց մենք չենք կարծում, որ «լումայի համար պայքարն» այդ ձևով հնարավոր է անել:

Ասում եք, եթե կառավարությունը չի տալիս, պետք է պայքարել: Մենք կառավարության մաս ենք կազմում։ Կառավարության ընդհանուր որոշումներն ընդունվում են նաև արտաքին գործերի նախարարության մասնակցությամբ, նաև ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության բյուջեին: Վստահ եղեք, որ երբ կարիք է լինում հիմնավորելու, որ մենք այդ գումարների կարիքն ունենք, դա արվում է համապատասխան կարգով։ Չնայած այս վերջին տարիների ֆինանսական դժվարություններին, կառավարությունն ունի այն գիտակցությունը, որ այս ոլորտը շատ կարևոր է, և բյուջեն չի նվազեցվում:

Հնարավորություն եթե լինի, ավելի շատ ներկայացուցչություն կունենանք: Դուք նշեցիք, մոտավորապես 100 երկրում մենք չունենք ներկայացուցչություն։ Ավելի շատ երկրներում մենք չունենք ներկայացուցչություն։ Բայց պետք է նկատի ունենալ, որ մենք նաև համատեղության կարգով ենք ներկայացնում մեր երկիրն այն երկրներում, որտեղ չունենք դեսպանություններ: Դրանցից մոտ 90 տոկոսը, կատարում են նաև տարածաշրջանային որոշակի դերակատարություն, այսինքն` ներկայացված են այդ երկրում, բայց համատեղության կարգով նաև երկու, երեք, պատահում է, որ հինգ, վեց երկրում:

 Իհարկե, Դուք պատկերացրեք, որ նորից այս հարցն է առաջանում, «դեսպան + 1» կազմով դյուրի՞ն է հինգ-վեց երկրում ներկայացված լինել, թե՞ ոչ։ Սա է մեր հնարավորությունը և դրա շրջանակներում ենք մենք գործում։ Երբ ավելի շատ հնարավորություններ ունենանք, համապատասխանաբար կավելացնենք նաև մեր դիվանագետների թիվն արտերկրում: Բայց չեմ կարծում, որ պետք է դժգոհենք, ասենք` հնարավորություններ չկան և բացթողումներն արդարացնենք դրանով: Ես այդպիսի հարցադրում երբևէ չեմ արել, որ եթե ավել գումար ունենանք, հինգ հոգի ավել աշխատող ունենանք, ավելին կանենք: Այս հնարավորություններով պետք է լուծենք այն խնդիրները, որոնք մեր առջև կանգնած են:

Տնտեսական դիվանագիտության առումով, վերջին շրջանում շատ մեծ կարևորություն է տրվում այդ ուղղությանը Հանրապետության Նախագայի կողմից, Կառավարության կողմից, վարչապետի կողմից:

Գիտեք, որ վերջին շրջանի հաշվետվությունները, որ տարբեր երկրներում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ներկայացրել էին Հանրապետության Նախագահին, նվիրված էին հենց դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ կատարվող քայլերին:

Արտաքին գործերի նախարարության կազմում ընդգրկվեց փոխնախարար, ով պատասխանատու է միջազգային տնտեսական հարաբերությունների հարցերով: Անցյալ տարի 12 միջկառավարական հանձնաժողով գումարվեց, բազմաթիվ բիզնես ֆոումներ կազմակերպվեցին և այլն:

Դա արվում է արտաքին գործերի նախարարության և արտերկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ: Անցյալ տարի այս ոլորտին առնչվող մոտ 60 նոր համաձայնագիր է կնքվել: Այդ բոլոր պայմանագրերը անցնում են արտգործնախարարության միջոցով, այս փաստաթղթերը մշակվում, բանակցվում և կնքվում են ԱԳՆ մասնակցությամբ։

Այստեղ հարց հնչեցվեց՝ ի՞նչ է արվել անցած տարվա ընթացքում: Ինչ որ արվել է 2016թ ընթացքում, արտգործնախարարության տարեկան հաշվետվության մեջ ներկայացված է։ Այն տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Չեմ կարծում, որ շատ երկրների արտաքին գործերի նախարարություններ են այդ մանրամասնությամբ տպագրում հաշվետվությունները:

Մենք դա անում ենք ամեն տարի:

Արարատ Զուրաբյան. Պարո՛ն նախարար, իմ բարձրացրած հարցերից, կարծում եմ, որպես քաղաքական, ամենակարևորն առաջին հարցն էր, որին ընդհանրապես չանդրադարձաք. Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային գործընթացից դուրս գալը և ընդհանրապես համապատասխան գնահատականների և վերադարձի հետ կապված: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան: Շատ շնորհակալություն, որ հիշեցրիք: Ես ցանկանում էի ասել այն, ինչ ասացի մեր նախորդ հանդիպման ժամանակ. հենց այս ձևաչափով անցյալ տարի ես բացեցի որոշ փակագծերը:

Եթե Դուք վերցնեք 2015թ. ֆինանսական կատարողականի վերաբերյալ սղագրությունը, այն ժամանակ նույն հարցը տրվեց, և ես ասացի, որ բոլոր բանակցային աշխատանքային փաստաթղթերում, որոնք ի պահ են դրված ԵԱՀԿ-ի գլխավոր գրասենյակում՝ Վիեննայում, ինչ-որ բանակցվել է և տեղ է գտել այդ փաստաթղթերում, բոլորի մեջ ասված է, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները պետք է մասնակցեն բուն խաղաղության պայմանագրի մշակմանը՝ Հայաստանի, Ադրբեջանի հետ միասին և եռանախագահ երկրների միջնորդությամբ: Սա հստակ ֆիքսված է։ Առանց դրա որևէ պայմանագիր չի կնքվի: Անհնար է առանց Արցախի որևէ համաձայնության գալ:

Արտակ Զեյնալյան: Պարո՛ն Նալբանդյան, մասնակիորեն արդեն իմ հարցի պատասխանը տվեցիք: Ինձ հետաքրքիրում են քանակական և որակական ցուցանիշներ տնտեսական դիվանագիտության ոլորտում: Խնդրում եմ, հստակեցրեք Ձեր պատասխանի մեջ` 2016թ. հաշվետու տարվա ընթացքում 60 պայմանագիր է ստորագրվել` արտահանմանն ուղղված: Խնդրում եմ դարձյալ ներկայացնել քաղաքական, քանակական և որակական տվյալներ էներգակիրների ներկրվող գնի էժանացմանն ու դիվերսիֆիկացիայի կամ դրանց բազմազանության ապահովմանն ուղղված գործողությունների վերաբերյալ: Ի՞նչ է արվել այս ուղղությամբ ճանապարհների բացման, մասնավորապես, Վրաստանից Ռուսաստան ճանապարհների բացման ուղղությամբ:

Եվ ևս մեկ հարց. Հայաստանի դիրքերը միջազգային հարաբերություններում շատ ավելի ամուր են լինում, երբ Հայաստանը կատարած է լինում կամ ջանադրաբար կատարում է իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները և այդտեղ իր հաշվեկշռում բացասական ցուցանիշ, պասիվներ չի ունենում: Իհարկե, այդ միջազգային պարտավորություններն առաջնահերթությամբ սահմանադրական պարտավորություններ են, որոնք Սահմանադրության 3-րդ հոդվածով դրված են իշխանությունների վրա: Այնուամենայնիվ, դրանք միջազգային պարտավորություններ են, և Հայաստանը հաշվետու է այդ առումով:

Իրավունքների պաշտպանության տեսակետից, իհարկե, մենք մեր հարևաններից մի քանիսից անհամեմատ լավ վիճակում ենք գտնվում: Այնուամենայնիվ, Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ բազմաթիվ բացասական զեկույցներ են եղել ոչ միայն միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների կամ համապատասխան ինստիտուտների մարմինների կողմից, այլև հեղինակավոր միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից: Կխնդրեի ներկայացնել այս ուղղությամբ Արտաքին գործերի նախարարության գործողությունները քանակական և որակական առումով:

Էդվարդ Նալբանդյան: Դուք հարցեր տվեցիք, որ մի երկու ժամ պետք է` պատասխանելու համար:

Ինչպես ասացի, մոտ վեց տասնյակ համաձայնագիր է ստորագրվել, բայց նաև այլ փաստաթղթեր: Ստորագրված փաստաթղթերի ընդհանուր թիվն 80 է: Ես ասացի, որ բազմաթիվ միջկառավարական հանձնաժողովներ են եղել: Միջկառավարական հանձնաժողովների 12 նիստ է գումարվել տարբեր երկրների հետ, անցկացվել է 11 բիզնես ֆորում և այլն:

Ինչ վերաբերում է, թե ինչ է արվել ճանապարհը բացելու ուղղությամբ։ Ընդհանրապես դիվանագիտության մեջ պետք է «փոսը թռնելուց առաջ հոպ չասել»: Երբեմն պատահում է, ես նկատի ունեմ նաև մեր լրատվական դաշտը, «հոպ» ենք ասում, թե արդեն պայմանավորվեցինք, հիմա «բացվում է երկաթգիծը» և այլն։ Խոսքը բանակցային նուրբ գործընթացի մասին է: Երբ ժամանակից առաջ ես ընկնում, այլ գործոններ էլ կան, որ կարող են դրա վրա ազդեցություն ունենալ: Եվ ունենում են: Դրա համար այսպիսի հարցերում երբ որ լինի, այն ժամանակ դրա մասին կտեղեկացվի:

Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը, Դուք ասում եք, որ նաև քննադատություններ են լինում այդ ուղղությամբ: Ես Ձեր ուշադրությունը հրավիրեմ, որ այդպիսի քննադատություններ լինում են ոչ միայն Հայաստանի, այլև եվրոպական կարևորագույն երկրների և օվկիանոսից այն կողմ երկրների վերաբերյալ: Եվ չեմ կարծում, որ այդ քննադատությունները լինում են ավելի թույլ, քան Հայաստանի նկատմամբ:

Հայաստանն այս տարածաշրջանում մարդու իրավունքների պաշտպանության ցուցանիշներով բավականին առաջընթաց է արձանագրել: Դա միջազգային կառույցների, մեր գործընկերների կողմից բավականին բարձր է գնահատվում, ինչի մասին բազմիցս նաև հայտարարվել է: Դա էլ պետք է տեսնենք: Կան երկրներ հենց այս տարածաշրջանից, որոնց վերաբերյալ միայն քննադատություն է հնչում։ Դրական գնահատական մեր որոշ հարևանների նկատմամբ վերջին շրջանում չի հնչել։ Իսկ մեզ մոտ դրական առաջընթաց է արձանագրված:

Եվրամիության հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը մեր երկխոսության կարևորագույն ոլորտներից մեկն է: Բազմաթիվ քննարկումների փուլեր են կայացել թե՛ Երևանում, թե՛ Բրյուսելում այս հարցերով, իսկ մեր որոշ հարևաններն ընդհանրապես չեն ուզում դրա մասին խոսել, ընդհանրապես չեն էլ ընդունում, ինչ որ ասվում է իրենց մասին: Ադրբեջանի նկատմամբ ամենատարբեր ատյաններից հնչեցին քննադատություններ, իսկ այդ երկրի ղեկավարությունն ասեց, որ Ադրբեջանը կարող է օրինակ ծառայել ողջ աշխարհին` որպես մարդու իրավունքների պաշտպանության և հանդուրժողականության երկիր: Դա է իրականությունը:

Իհարկե, մեզ մոտ կան թերություններ, և մենք գիտակցում ենք դա: Մեր Կառավարությունը, Հայաստանի ղեկավարությունը նպատակադրված է անել հնարավոր ամեն ինչ՝ այս ոլորտում առավել արդյունքների հասնելու համար: Պետք է նաև նկատի ունենալ, որ այս իմաստով մենք բավական ներգրավել ենք նաև քաղաքացիական հասարակությանը։ Կան թերություններ, ինչը մենք գիտակցում ենք, և հնարավորության սահմաններում արվում է առավելագույնը, որ արդյունք արձանագրվի:

 Արտակ Զեյնալյան. Պարո՛ն Նալբանդյան, իմ ասածը հետևյալի վերաբերյալ էր, որ եթե միջազգային հարթակում մենք առավելություններ ունենք մեր քիչ ռեսուրսներով, դա պայմանավորված է նրանով, որ մենք բարեխղճորեն կատարում ենք մեր միջազգային պարտավորությունները, օրինակ, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Բայց առօրյայում Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունենում մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ, որոնք մի տարի, 2 տարի հետո կամ այս տարվա վերջին ընդգրկվելու են զեկույցներում և մեզ վատ վիճակի մեջ են դնելու: Այն ժամանակը, որ ծախսվելու էր մեկ այլ բանի մասին խոսելու համար, ուրիշ բան լոբբինգ անելու համար, սկսելու ենք ծախսել այդ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ պատասխանի վրա: Մի քանի օր առաջ դատարանի շենքում կատարվածի վերաբերյալ պատասխան ենք տալու, և դրա հիմքում ընկած է մարդու իրավունքների խախտում, և հեղինակության խնդիր կա: Սրա մասին է խոսքը, որ արտաքին քաղաքականությունն այսօր սկսվում է, ասենք, դատարանի նկուղից:

Էդվարդ Նալբանդյան: Այստեղ հենց դրա մասին էի ասում, մենք գիտակցում ենք, որ թերություններ կան, և գիտակցում ենք, որ դեռ երկար ճանապարհ կա անցնելու: Արվում է հնարավորինը Կառավարության, իշխանությունների կողմից, որպեսզի այդ բնագավառում առավել արդյունքների հասնենք: Իհարկե, մենք հասկանում ենք, որ այն արձագանքը, որը հնչեցվում է հանրության կողմից, դա էլ է լավ, լավ այն իմաստով, որ յուրաքանչյուր ոք կարող է ազատ արտահայտվել: Մեր հարևան որոշ երկրներում, երբ քննադատություն է հնչում, բանտ են նետվում։ 40000 մարդ բանտարկվեց։

Արեգ Աղաբաբյան: Շնորհակալություն, հարգելի՛ նախարար, հարցս կրկին կապված է այն արդեն պատասխանված հարցին, որ միջազգային կազմակերպություններում ՀՀ անդամակցության ծախսերը կազմում են 2,3 մլրդ դրամ կամ նախատեսվածի 89,6%. դա արդյունք է նախարարության աշխատանքի՞, թե՞ այն հարաբերությունների, որ կան միջազգային կազմակերպություններում, այսինքն՝ աշխատանքի՞ արդյունք է:

Այդ առնչությամբ, հետաքրքիր է՝ այսօրվա բանակցային գործընթացը, որ ընթանում է Եվրոպական միության հետ նոր պայմանագրի ստորագրման շուրջ, կցանկանայի իմանալ, թե ինչ փուլում է գտնվում այն:

Եվ մյուս կողմից, հաշվի առնելով Լավրովի վերջին հայտարարությունները, եթե հանկարծ նույն ճակատագրին արժանանա, ինչ որ 2013թ. սեպտեմբերի 3-ին՝ այսինքն` չստորագրվի, այսպիսի հարաբերություններն ու այսպիսի զիջումները, հնարավո՞ր է՝ տեղի ունենան, թե՞ ոչ:

Էդվարդ Նալբանդյան. Ոչ թե բանակցություններն ինչ-որ փուլում են գտնվում, այլ այս բանակցություններն ավարտված են: Դրա մասին հայտարարվեց Հանրապետության Նախագահի և Դոնալդ Տուսկի կողմից Բրյուսելում հանդիպման ժամանակ, և դրանից հետո մենք նախաստորագրեցինք այդ փաստաթուղթը Երևանում: Պատրաստվում է դրա ստորագրումը աշնանը: Այդ մասին նորից հրապարակավ մենք ասել ենք:

Իսկ Ռուսաստանի արտգործնախարարի կողմից արված հայտարարությունները պետք է ուշադիր նայել, թե ինքն ինչ է ասել: Իսկ նրա ասածին պետք է հարգանքով վերաբերել: Այստեղ որոշ մարդիկ ցավագին ընդունեցին, սկսեցին ինչ-որ վերլուծություններ, եզրակացություններ անել դրա հիման վրա:

Իսկապես, կար այդպիսի հարցադրում, ոչ այժմ, ավելի վաղ շրջանում, որը որոշ խնդիրներ հարուցեց, երբ հարց էր դրվում, որ պետք է ընտրություն կատարել՝ կամ-կամ:

Եվ գիտեք՝ որն էր Հայաստանի դիրքորոշումը դրա վերաբերյալ: Մենք ի սկզբանե՝ Արևելյան գործընկերության նախաձեռնությունից առաջ, ասում էինք, որ պատրաստ ենք ԵՄ-ի հետ գնալ հնարավորինս խորը, լայն փոխգործակցության, բայց ոչ ի վնաս մեր հարաբերություններին այլ ուղղություններով, հատկապես ի վնաս այն մեր հավակնություններին այլ ինտեգրացիոն գործընթացներում:

Մենք հայտարարություն ընդունեցինք Եվրամիության հետ՝ Հայաստանի արտգործնախարարի և բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի կողմից, որտեղ հստակ ասվում էր, որ Եվրամիությունը և Հայաստանը մտադրված են զարգացնել համագործակցությունը՝ նկատի ունենալով Հայաստանի հանձնառություններն այլ ինտեգրացիոն գործընթացներում: Դրա մասին մենք ասացինք նաև Մոգերինիի հետ 2015թ. դեկտեմբերին, երբ մեկնարկեց նոր բանակցային գործընթացը։ Այս ամենը նկատի ունենալով` մենք բանակցել ենք և եկել մի ընդհանուր համաձայնության, որ, այո՛, հաշվի առնելով մեր պարտավորություններն այլ ինտեգրացիոն գործընթացներում, կարող ենք համապարփակ նոր համաձայնագիր ստորագրել Եվրամիության հետ, որը շրջանակային լուրջ փաստաթուղթ կլինի մեր հարաբերությունները հետագայում ավելի խորացնելու, զարգացնելու և ընդլայնելու համար: Այդ պայմանագիրը, ինչպես հայտարարված է, նախատեսվում է ստորագրել նոյեմբերին՝ Բրյուսելի գագաթաժողովի ժամանակ:

Արեգ Աղաբաբյան. Ասելիքս այն է, որ մեր հայտարարությունն արվեց արդեն ԵՄ հետ ասոցացման պայմանագիրը ստորագրելուց հրաժարվելուց հետո, և նոր տարբերակի որոնում էր դա: Մտավախությունս այն է, թե արդյո՞ք առաջիկա աշնանը ստորագրվելիք պայմանագրի դիմաց նորից արգելապատնեշ չի դրվի: Ես հասկանում եմ, որ Լավրովը միանգամից Հայաստանի անուն չի տվել, Հայաստանի մասին հնչեցրել, բայց դրա մեջ կային տարրեր, որոնք վերաբերում էին նաև մեզ:

Էդվարդ Նալբանդյան. Երբ հայտարարեցինք մեր որոշման մասին, որ սկսում ենք բանակցությունները Եվրասիական միությանը անդամակցելու վերաբերյալ, հաջորդ օրն արդեն ես գտնվում էի Բրյուսելում, և այնտեղ հայտարարեցի այն, ինչի մասին հետագայում ասացինք Վիլնյուսի գագաթաժողովին:

Բրյուսելից հետո այցելեցի Վիլնյուս, որտեղ Եվրամիության արտգործնախարարների հանդիպումն էր ընթանում։ Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսի հետ ասվեց այն, ինչը հետագայում հայտարարվեց Քեթրին Էշթոնի հետ համատեղ:

Այդ դիրքորոշումը եղել է ինչպես Արևելյան գործընկերության նախաձեռնությունից առաջ, այնպես էլ դրա ամբողջ ընթացքում։ «Տժվժիկի» պատմություն պետք չի սարքել։

Եվրամիության հետ նոր շրջանակային փաստաթուղթը նախաստորագրված է և առաջիկա գագաթաժողովին նախատեսվում է այն ստորագրել։

 

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference