ԵՏՄ-ին անդամակցությամբ ակնկալվող ցուցանիշները հաջորդ տարվա բյուջեում արտացոլված չեն
2015 թվականի պետական բյուջեի նախագծում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից ակնկալվող տնտեսական ցուցանիշներն արտացոլված չեն: Այս մասին հայտնեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը' հաջորդ տարվա պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ: «Պետբյուջեի նախագիծը ներկայացրել ենք սահմանդրությամբ նախատեսված ժամկետներում, պարտավոր էինք մինչ հոկտեմբերի 2-ը ներկայացնել նախագիծը: Այդ ժամանակ դեռևս ԵՏՄ-ի հետ համաձայնագիրը կնքված չէր, մենք, բնականաբար, չէինք կարող պետբյուջեի մեջ արտացոլել այդ փաստը: Այս բյուջեում ԵՏՄ-ի հետ հարաբերություններն արտացոլված չեն»,- ասաց Պավել Սաֆարյանը:
Փոխնախարարի խոսքով' իրենք ձեռքերը ծալած չեն նստում, իրենց մասնագետներն հաշվարկներ են կատարում թե մակրոտնտեսական, թե ծախսային, թե եկամտային բլոկների մասով: «Նրանք ինտենսիվ աշխատում են՝ գնահատելու այն ազդեցությունները, որ ունենալու ենք մեր տնտեսության վրա Եվրասիական տնտեսական միության անդամակցությամբ, որպեսզի ֆինանսական հոսքերի տեսքով դա արտացոլվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ընդգծեց Պավել Սաֆարյանը՝ ավելացնելով, որ նախնական միջանկյալ արդյունքներ կան, որոնք կներկայացվեն պատրաստ լինելուն պես: «Ինձ թվում է' մեկ ամսից կունենանք այդ ցուցանիշները և կներկայացնենք»,- ասաց նա:
Եվրասիական տնտեսական միությունը վերպետական-տնտեսական կառույց է, որի կազմում են ՌԴ-ն, Ղազախստանը, Բելառուսն ու Հայաստանը: Հայաստանը ԵՏՄ հիմնադիր կազմին միանալուհամաձայնագիրը ստորագրեց հոկտեմբերի 10-ին Մինսկի գագաթնաժողովի ժամանակ: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից: ԵՏՄ-ի կազմ ընդգրկվելու պահից հավաքագրված մաքսատուրքերի Հայաստանի մասնաբաժինը կկազմի 1,13%: