Պատերազմ չի լինի, կարգավորման հեռանկարը մշուշոտ է
BlogՊետք է խոստովանել, որ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև փարիզյան հանդիպումը շատ լուրջ ու մանրակրկիտ էր կազմակերպված ու տարբերվում էր վերջին շրջանում ռուսական ու ամերիկյան նախաձեռնությամբ կազմակերպվածներից: Սոչիի հանդիպումն, օրինակ, օպերատիվ էր ու ուղղված էր հայ-ադրբեջանական սահմանային լարվածության լիցքաթափմանը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի միջնորդությամբ կայացած հանդիպումը միաջազգային գագաթաժողովի հարթակներից մեկում էր ու չէր կրում բացառիկ բնույթ:
Բանակցությունների փարիզյան ռաունդը բազմահարթակ էր. Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առանձին հանդիպումներ երկու նախագահների հետ, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առանձին հանդիպումներ, նաև հանդիպումներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ:
Փարիզի հանդիպման գլխավոր առանձնահատկություններից մեկն, անշուշտ, այն էր, որ կարգավորման գործընթացում հատուկ ամրագրվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության բացառիկ դերը: Կարելի է նույնիսկ արձանագրել, որ բանակցային այս ռաունդի ամենաառարկայական արդյունքը հենց այն էր, որ բանակցային գործընթացը դարձյալ վերադարձավ միջազգային լեգիտիմ ձևաչափ ու տապալվեցին Բաքվի այն նախաձեռնություններն, որոնք, ի դեպ, երբեմն պաշտպանվում էին նաև Անկարայի ու Մոսկվայի կողմից, որոնց նպատակը՝ կարգավորման գործընթացն այլ միջազգային հարթակներ ու ձևաչափեր տեղափոխելն էր: Իհարկե, օբյեկտիվորեն պետք է արձանագրել նաև, որ Արևմուտքի ու Ռուսաստանի լարված հարաբերությունները չեն կարող չազդելնաև Մինսկի խմբի համանախագահության գործունեության արդյունավետության վրա:
«Այսօրվա հանդիպումը ես կբնորոշեի որպես կոնստրուկտիվ, կառուցողական, օգտակար և անկեղծ»,- այսպես է բնութագրել բանակցային գործընթացը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
Իհարկե, միամիտ կլինի կարծելը, թե կողմերին հաջողվել է էական առաջընթաց գրանցել կարգավորման գործընթացում: Երևանի ու Բաքվի մոտեցումները շարունակում են հակադիր մնալ թե՛ կարգավորման բովանդակության, և թե՛ մեթոդոլոգիայի առումով: Օրինակ, Հայաստանն առաջարկում է կոնկետ քայլերով ստեղծել վստահության միջավայր, որը թույլ կտա համաձայնեցնել կարգավորման հիմնարար սկզբունքները, Ադրբեջանը խոսում է խաղաղության Մեծ պայմանագրի անհրաժեշտության մասին:
Այսինքն՝ կարգավորման հեռանկարը՝ բովանդակության առումով, դեռ հեռու է, սակայն պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները: Սա արդեն լավատեսության հիմք է ստեղծում ու նաև վստահություն, որ օգոստոսյան միջադեպերի կրկնություն չի լինի:
Եթե միջնորդներին այս փուլում չի հաջողվում հասնել հակամարտության կարգավորմանը, նրանց օրակարգային առաջնահերթություն է դառնում հնարավոր պատերազմի վերսկսման կանխումը:
Նույնիսկ անարդյունավետ կամ լարված բանակցությունները գերադասելի են պատերազմներից: Սա էր, թերևս, փարիզյան հանդիպումների գլխավոր մեսիջը:
Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը