Բանանցն ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում
SportՆոր մրցաշրջանի նախապատրաստական փուլում Երևանի «Բանանցը» 5 կամ 6-օրյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Վրաստանում:
Այս մասին թիմի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հայտնել է ակումբի մամուլի քարտուղարության հետ զրույցում:
Հարևան երկրում «Բանանցը» երկու ստուգողական հանդիպում կանցկացնի:
«Տղաները բավականին լավ վիճակում են գտնվում: Այսօրվա խաղից հետո (խմբ. - «Արցախի» հետ` 0:0) երկօրյա հանգիստ կտրամադրենք թիմին, դրան կհաջորդի խաղային հավաքը: Երկու ընկերական հանդիպում կանցկացնենք Հայաստանում` իրանական թիմի հետ: Երկու ստուգողական խաղ էլ կանցկացնենք Վրաստանում»,- ասել է Արամ Ոսկանյանը:
Մարզիչը կարծիք է հայտնել նաև թիմի նորեկների մասին.
«Անկեղծ ասած, ինձ համար այնքան էլ նորեկ չեն, որովհետև օրինակ մեր սերբ կիսապաշտպանի` Ալեքսանդր Ջոկովիչի` Սերբիայի առաջնությունում ելույթներին հետևել եմ 2-3 ամիս: Բավականին լավ տպավորություն է թողել: Նույնը կասեմ նաև պաշտպանի` Մատվեյ Գույգանովի մասին: Նրան ծանոթ ենք մայիս ամսից, քանի որ այդ ժամանակ փորձաշրջանի կանչեցինք մեզ մոտ:
Ռումյան Հովսեփյանն, իհարկե, ինձ համար նորեկ չէ: Շատ լավ գիտեմ նրա խաղային որակների մասին: Նույնը կասեմ Ղուկաս Պողոսյանի մասին: Նա միշտ համարվել է ամենատաղանդավոր, հեռանկարային հայ խաղացողներից մեկը: Արդեն լավ վիճակում է գտնվում: Կցանկանամ որ հասնի իր լավագույն վիճակին, դրա համար ամեն ինչ կանենք:
Գևորգ Հովհաննիսյանը ևս փորձառու ֆուտբոլիստ է, իր փորձով օգուտ կտա մեզ: Այսօր բավականին լավ հանդես եկավ: Կարևոր է, որ նա կայուն խաղ ցուցադրի»,- ասել է մարզիչը:
Արամ Ոսկանյանը խոսել է նաև Մալաքյան եղբայրների մասին, որոնք, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, մարզվում են «Բանանցի» հետ.
«Սկզբում բանակցություններ վարել ենք նրանց հետ, ու քանի որ հիմա փոքր-ինչ անորոշ վիճակ է «Ստալում», այդ պատճառով Հայաստանում էին և պետք է մարզվեին, ես էլ ընդառաջեցի, որ նրանք գան և մասնակցեն մեր մարզումներին: Էդգարը այսօր նաև մասնակցեց «Արցախի» հետ հանդիպմանը: Գոռը չմասնակցեց, քանի որ վնասվածքից դեռ նոր է ապաքինվել, չցանկացանք ռիսկի դիմել:
Կախված «Ստալի» հետագա ապագայից, այսինքն եթե նրանք որոշեն, որ հանդես են գալու երիտասարդական կազմով, մեծ հավանականություն կա, որ Մալաքյանները հանդես կգան մեր թիմում»,- եզրափակել է իր խոսքը Արամ Ոսկանյանը: