Դատարանը Սերգեյ Կյուրեղյանի նկատմամբ սանկցիա կիրառեց եւ հեռացրեց դահլիճից
SocietyԵրեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 3-ին, դատավորը սանկցիա կիրառեց «Սասնա ծռեր» զինված խմբի 18 անդամների նկատմամբ:
Ընդմիջումից հետո ամբաստանյալները չկանգնեցին դատավորի մտնելու ժամանակ, ինչից հետո Արտուշ Գաբրիելյանը որոշում կայացրեց նախազգուշացնել ամբաստանյալներին:
«Բացի Արամ Մանուկյանից, որն առողջական խնդիրներ ունի»,- ասաց դատավորը:
Ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը հակադարձեց. «Ինչու պատճառների մասին առանց հետաքրքրվելու նախազգուշական սանկցիա կիրառեցիք»: Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ միայն առողջական խնդիրներ ունեցողները կարող են չկանգնել:
«Դուք վստահ եք, որ Արամ Մանուկյանն առողջական խնդիրների պատճառով չի կանգնել»,- արձագանքեց Սերգեյ Կյուրեղյանը:
Դատարանը որոշում կայացրեց սանկցիա կիրառել Կյուրեղյանի նկատմամբ եւ հեռացնել նրան նիստերի դահլիճից:
Դատական նիստը կրկին կես ժամով ընդմիջվեց:
Նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:
Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» 14 անդամի գործով նիստերը նույնպես անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: