Ադրբեջանը սեփական բնակչությանը որպես վահան է օգտագործում. Դավիթ Բաբայան
InterviewԱդրբեջանի կողմից հրադադարի խախտումները ոչ այլ ինչ են, քան դասական հանցագործություն և ահաբեկչություն։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն այսպիսի որակում տվեց ադրբեջանական ագրեսիային։ Նա նշեց, որ որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում ադրբեջանական կողմի գործողությունները, քանի որ ահաբեկիչներն ու հանցագործները տրամաբանությամբ չեն առաջնորդվում, այլ նենգ և հիվանդագին գաղափարներով։
«Դրան էլ գումարած այն սկանդալը, որ Ադրբեջանը դիվանագիտական խողովակներով սատարում է ահաբեկիչներին. հենց այդ ֆոնին այսպիսի խախտումներ են արվում։ Իհարկե, այս ամենն ընդհանրապես տրամաբանական չէ, բայց ինչպես գիտենք ահաբեկիչները տրամաբանությամբ չեն շարժվում։ Նրանք հայկական կողմից միշտ էլ ստացել են համարժեք պատասխան։ Հիմա սահմանին նույն իրավիճակն է, ինչ ամեն օր է տեղի ունենում։ Մենք բազմիցս ասել ենք, որ երբևիցե առաջինը չենք խախտելու հրադադարի ռեժիմը, և մեր հայեցակարգը ակտիվ պաշտպանությունն է»,- շեշտեց Բաբայանը։
Ադրբեջանական կողմը մեղադրանքներ է ներկայացնում, որ հայկական կողմը կրակ է բացում իրենց գյուղերի ուղղությամբ, բայց հակառակորդը իր կրակակետերը հենց այդ ուղղությամբ է տեղակայել։ Այդ ամենի վերաբերյալ Դավիթ Բաբայանն ասաց, որ հակառակորդը որպես վահան է օգտագործում սեփական բնակչությունը։
«Իրենք տեղակայում են զենքեր, զինատեսակներ, հատկապես թնդանոթներ, հրետանիներ հենց բնակավայրերում և այնտեղից կրակում մեր դիրքերի վրա։ Նույնիսկ այդ դեպքում մենք պատասխանում ենք միայն այն ժամանակ, երբ այդ կրակակետերը գտնվում են ինչ-որ հեռավորության վրա քաղաքացիական բնակչությունից և վնաս չեն պատճառում բնակչությանը։ Տվյալ կրակակետի ոչնչացման արդյունքում ոչ մի խաղաղ բնակիչ չի տուժել, բայց ադրբեջանական կողմը դա շահարկում է։ Մենք գիտենք, որ նրանք շատ հարուստ փորձ ունեն սեփական բնակչությանը վնաս պատճառելու, սպանելու և այլ ազգի վրա մեղքը բարդելու։ Դրա ամենավառ և սարսափելի դրսևորումը Խոջալուում եղավ։ Նրանք ոչնչացրին սեփական բնակչությունը իշխանության պայքարի համար և զուգահեռ այդ ամենի մեջ մեղադրեցին հայկական կողմին։ Երբ լինում են դեպքեր, որ մենք պատասխանում ենք, Ադրբեջանում միշտ խուճապ է առաջանում»,- ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակը։
Նրա համոզմամբ Ադրբեջանը ներարկում է իր բնակչությանը հայատյաց գաղափարներ, որպեսզի շեղի առկա խնդիրներից որպես թիրախ ընդունելով հայությանը։
Հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: