Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունները կառավարություն են ներկայացրել ոլորտի 5 տարվա ռազմավարության ծրագիրը
EconomicsՀՀ կառավարության ծրագրի հրապարակումից առաջ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը համապատասխան նախարարությանը և կառավարությանը ներկայացել է 5 տարվա ռազմավարության ծրագիր:
Հուլիսի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ ՏՏ ոլորտում հավակնոտ ծրագրեր իրականացնելու համար հարկավոր է ապահովել կոնսոլիդացիա ձեռնարկությունների, ծնողների, համայնքների հետ, որպեսզի ոլորտը զարգանա նաև մարզերում:
«Միության ռազմավարությունը ունի 5 հիմնական ուղղություն, առաջինը՝ կրթական ոլորտն է, որի շրջանակում նախատեսվում է խթանել ինժեներական կրթությունը: Այս պահին Հայաստանում կա 200 ինժեներական դպրոց, նախատեսվում է 2020 թվականին ունենալ նմանատիպ խմբակներ բոլոր դպրոցներում»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ հարկավոր է նաև ներդնել «Իրական դպրոցի» գաղափարը, այսինքն՝ մինչև 18 տարեկան երիտասարդները պետք է աշխատեն և սովորեն:
Նրա խոսքով՝ ոլորտի մյուս խնդիրը գիտության բացակայությունն է, քանի որ մասնագետների խորը դեֆիցիտ կա երկրում: Վարդանյանի ներկայացմամբ՝ ցանկանում են տաղանդավոր երեխաներին ֆինանսավորել, որպեսզի նրանք մնան համալսարաններում և զբաղվեն գիտական աշխատանքով:
Ըստ Վարդանյանի, իրենց մշակած ռազմավարության երկրորդ ուղղությունը Հայաստանի բրենդի ձևավորումն է: Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է հստակ դիրքավորվի աշխարհում: Ռազմավարության երրորդ ուղղությունը միտված է նրան, որ Հայաստանը ներկայանա որպես պատվիրատու երկիր, իսկ չորրորդ ուղղությունը՝ ռազմարդյունաբերությունն է: Հինգերորդ ուղղությունը նա համարեց կոնսոլիդացիայի խնդիրը: