«Ցանկացած մեղադրյալ, ամբաստանյալ դատախազի նկատմամբ պետք է այնպիսի վստահություն ունենա, որ անգամ փաստաբանի կարիք չունենա». Գ. Կոստանյան
SocietyԱյսօր ԱԺ-ում ՀՀ դատախազության 2016 թվականի զեկույցից հետո ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանն ասաց, որ դատավարությունը պետք է իրավապաշտպանի դեր ստանձնի, ինչը կբարձրացնի մարմնի նկատմամբ վստահությունը, «Այս տարի դատախազության մասնագիտության տոնին ընդառաջ ՀՀ նախագահն այցելեց դատախազություն եւ կարեւոր ելույթ ունեցավ, որում ցույց տվեց քաղաքական կամքի այն դրսեւորումը, որի փաստացի իրականացումը դատախազության եւ իրավապահ մարմինի կողմից այս դահլիճում հնչեցրած խնդիրների 99 տոկոսը կլուծի», - ասաց նա:
Կոստանյանը կարեւորեց նախագահի այն շեշտադրումը, որ դատախազությունը իրավապաշտպան դեր պետք է ստանձնի: «Սահմանադրությամբ անցում ենք կատարել օրենքի գերակայությունից իրավունքի գերակայության, ինչը նշանակում է, որ եթե օրենքը թեեւ ֆորմալ կա, գործում է, բայց բովանդակային տեսանկյունից մարդու իրավունքի իրավակիրառ բոլոր մարմինները պետք է նախապատվությունը տան իրավունքին: Այլեւս այն արտահայտությունը, որ ոստիկանը, քննիչը, դատախազը կամ մյուս սուբյեկտը գործել է օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, այսօր ընդունելի չի: Դրանք այլեւս չեն կարող արդարացնել այն գործողությունները, որոնք կարող են հակասել մարդու բնական իրավունքների էությանը», - նշեց պատգամավորը:
Ըստ պատգամավորի՝ այս մեխանիզմը նաեւ կբարձրացնի դատախազության նկատմամբ վստահությունը: «Ցանկացած ամբաստանյալ, մեղադրյալ դատախազի կողմից գործի նկատմամբ գործի հսկողության օրինականության երաշխավորման տեսակետից այնքան վստահություն պետք է ունենա, որ անգամ փաստաբանի կարիք չունենա: Դատախազն, իրոք, պետք է ստանձնի այդ օրինականության երաշխավորի դերը, որը ցանկացած քրեական դատավարության մասնակից ցանկացած անձի մոտ երաշխավորման զգացողություն է առաջացնելու», - հավելեց Գ. Կոստանյանը: