Ի՞նչ է կատարվում սահմանին
AnalysisLraber.info-ն գրում է.
Անցած շաբաթվա ընթացքում սահմանին տիրող լարված իրավիճակն ու ադրբեջանական սադրանքին հայկական կոշտ պատասխանը դարձան քննարկումների հիմնական առարկան: Այն, ինչ կատարվեց ու երկար ժամանակ է կատարվում է սահմանին, ոչ միայն մեր երկրի պաշտպանական ոլորտի, այլև մեր ներքին քաղաքական ու հասարակական կյանքի օրակարգն է այլևս ու սրա հետ պիտի հաշվի նստել:
Խոսքը միայն այն մասին չէ, որ կոնֆլիկտի էսկալացիայի դեպքում հասարակությունը պիտի մոբիլիզացվի: Դա ինքստինքյան կլինի ՝ թե օրենքով, թե ապրիլյան օրերի փորձով: Խոսքը նրա մասին է, պատերազմը կրում է հիբրիդային ու անընդհատ բնույթ և հասարակությունն ու պետությունն էլ ստիպված են իրենց օրակարգերը հարմարեցնել այդ անընդհատ պատերազմի բնույթին:
Իսկ սահմանին կատարվել է ոչ թե կոնկրետ նպատակ ունեցող ռազմական գործողություն, այլ սադրանքի փորձ ՝ դիվանագիտական և քարոզշական ասպարեզներում հաղթաթուղթ ունենալու համար: Բնականաբար, մենք ՝ հայաստանցիներս, հասկանում ենք, որ ադրբեջանական գյուղում երեխան զոհվել է, որովհետև ադրբեջանցիները գյուղում են տեղադրել իրենց կրակակետերը: Բայց ադրբեջանական հասարակությունը այդքանը հասկանալու կարիք չունի, նրան հետաքրքիր է միայն զոհված երեխայի անունն ու լուսանկարը ՝ հակահայկականությամբ երիցս սնվելու համար: Եվ այս պրակտիկան ադրբեջանի ներսում բավական արդյունավետ աշխատելու է: Այնպես, որ ադրբեջանական կողմը շարունակելու է նմանատիպ սադրանքները: Հայկական կողմը չպատասխանել չի կարող: Իսկ պատասխանի դեպքում էլ ունենալու ենք նման իրավիճակներ:
Այդպես տարիներ շարունակ վարվում է Պաղեստինը ՝ քաղաքացիականների թիկունքից հարվածում է Իսրայելին, Իսրայելն էլ հարկադրված պատասխանների է դիմում՝ նախապես տեղեկացնելով պաղեստինյան բնակչությանը: Պատասխանից հետո համացանցում են հայտնվում զոհված երեխաների լուսանկարներ, որից հետո որևէ մեկին այլևս ոչինչ չի հետաքրքրում: Թե Իսրայելը, թե Հայաստանը ՝ համապատասխան պետական օղակաների մակարդակով, տեսանյութերով ու գծագրերով բացատրում ու զեկուցում են, որ սադրանքը սկսել է հակառակորդը, բայց թե Պաղեստինում և թե Ադրբեջանում դա հասկանալու ունակ չեն:
Այնպես, որ պետք է պատրաստ լինել,որ նմանատիպ սադրանքները շարունակական բնույթ են կրելու: Մենք չպատասխանել չենք կարող: Իսկ պատասխանելու դեպքում պիտի պատրաստ լինենք ադրբեջանական վակխանալիային պատասխանել սթափությամբ ու փաստերով, ոչ թե մեր կողմից էլ ավելի սրենք այդ վախկանալիան ու էմոցիոնալ հողի վրա կառուցենք մեր ոչ միայն պետական, այլև հասարակական դիրքորոշումը: Ադրբեջանցիների մոտ մեր սթափությունը ոչինչ չի փոխի, բայց այն կփոխի բազմաթիվ բաներ ՝ մեր երկրի ներսում, ինչպես նաև մեր երկրից դուրս ՝ ղարաբաղյան կոնֆլիկտով հետաքրքրված միջազգային ուժերի ու կենտրոնների մոտ, ովքեր սթափության ու փաստերի հետ հաշվի չնստել չեն կարող:
Այնպես որ, այն ինչ կատարվում է սահմանին, այսուհետ նաև մեր ներքին օրակարգն է ու մեր ներքին կազմակերպվածությունից, սառնասրտությունից ու գրագիտությունից կախված է շատ բան:
Արտակ Ասլանյան