Ուեյն Ռունի. Շնորհակալ եմ լավ հիշողությունների համար
Sport«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 13 տարի հանդես գալուց հետո անգլիական «Էվերտոն» տեղափոխված Ուեյն Ռունին շնորհակալություն է հայտնել իր նախկին ակումբին:
«Ցանկանում եմ «Մանչեսթեր Յունայթեդում» շնորհակալություն հայտնել բոլորին: Շնորհակալ եմ կառավարիչներին, մարզիչներին, որոնց գլխավորությամբ խաղացել եմ, ակումբի աշխատակիցներին, ֆուտբոլիստներին ու հրաշալի երկրպագուներին, որոնց համար խաղալու բախտ եմ ունեցել: Շնորհակալ եմ հիշողությունների համար»,- «Ինստագրամում» գրել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագը:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի 31-ամյա հարձակվողը լիվերպուլյան ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր: «Էվերտոնում» Ռունին ընտրել է 10 համարի մարզաշապիկը, որը պատկանում էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին:
Ուեյն Ռունին կարիերան սկսել է հենց «Էվերտոնում», որտեղից 2004-ին տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիացին 253 գոլով դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուն:
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հարձակվողը 5 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, հաղթել Չեմպիոնների լիգայում, Անգլիայի Գավաթում, Եվրոպայի լիգայում ու աշխարհի ակումբային առաջնությունում, 3 անգամ նվաճել Անգլիական լիգայի գավաթը ու 4 անգամ դարձել երկրի սուպերգավաթակիր: