Միջազգային հանրության արձագանքը շատ ավելի կոշտ պետք է լիներ. Դավիթ Բաբայան
InterviewՀուլիսի 4-ին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության քայլերից հետո հանգիստ կարող ենք փաստել, որ տվյալ պետությունը միջազգային ահաբեկչությունների գործում վարպետացել է: Արցախի ու Հայաստանի վիճակն ապակայունացնելու նպատակով տեռորիստական երկիրը, տեղակայելով զինուժը խաղաղ բնակիչների տներին շատ մոտ ու հրահրելով պատերազմ, չի խնայում սեփական ժողովրդին, անգամ՝ մանուկներին:
Սահմանին տիրող ներկայիս վիճակի, ալիեւյան կլանի սանձարձակ հրահանգների, ինչպես նաեւ վերջին զարգացումների շուրջ միջազգային հանրության արձագանքի մասին ORER.am-ը զրուցել է ԱԺ ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ.
- Պարոն Բաբայան, վերջին օրերին բավական լարված է արցախա-ադրբեջանական սահմանգիծը, այս պահի դրությամբ ի՞նչ վիճակ է տիրում հակամարտ զորքերի շփման գծում:
- Այս պահին անհանգստանալու կարիք չկա, վիճակն ամենօրյա է, տղաները շարունակում են ծառայությունը, ամեն ինչ նրանց հսկողության տակ է:
- Անդրադառնանք հուլիսի 4-ին Ադրբեջանի սադրիչ գործողութուններին. արդյո՞ք նման գործելաոճը նորություն կարելի է համարել:
- Այս հարցը պետք է գտնվի միջազգային հանրության տիրույթում: Ասեմ, որ մեզ համար սա նորութուն չէ, քանի որ Ադրբեջանը միշտ էլ վարել է ահաբեկչական քաղաքականություն՝ դրանով իսկ խախտելով եւ՛ հրադադարի ռեժիմը, եւ՛ միջազգային մարդասիրական իրավունքը: Միջազգային հանրությունը պետք է համապատասխան կոշտ արձագանք տա, որովհետեւ այն, ինչ մենք տեսնում ենք, Ժնեւյան կոնվենցիաների, ինչպես նաեւ միջազգային օրենքների ու նորմերի կոպտագույն խախտում է: Զորքը, հրետանին, թնդանոթները բնակելի տներին մոտ տեղադրելը ու սեփական բնակչությանը որպես վահան օգտագործելը պարզապես անթույլատերլի երեւույթներ են:
- Ադրբեջանական կողմը հնարավոր բոլոր միջոցներին գնաց՝ երեխայի մահը շահարկելու համար. ի՞նչ կասեք այս մասին:
- Այո, մենք տեսանք, որ սատանեական շոու դարձրին այդ խեղճ երեխայի մահը: Ընդհանրապես, երեխայի զոհը, ինչ ազգի ուզում է լինի, ցավալի է, ու եթե դրանից ինչ-որ մեկն ուրախանում է, ապա նա մարդ կոչվելու իրավունք չունի, նա նույնիսկ կենդանի չէ:
Երեխայի մահը լիովին ալիեւյան կլանի մեղքն է: Մենք լուրջ հիմքեր ունենք ասելու համար, որ ադ երեխային սպանել են հենց իրենք, որովհետեւ նման դեպքեր շատ են եղել, որ ադրբեջանցիները սպանել են սեփական բնակիչներին ու փորձել են տեղի ունեցածը բարդել հայության վրա: Դրա ամենավառ ապացույցը Խոջալուի դեպքերն են:
Հիշենք նաեւ ապրիլյան պատերազմի օրերը, երբ զգալի թվով բնակիչներ լքեցին իրենց տները. ադբեջանական բանակի ստորաբաժանումներն ու գրոհայինները թալանում էին մարդկանց տներն ու ունեցվածքը, եւ երբ այնտեղ մարդ էր մնում՝ կանխելու համար տեղի ունեցող զարգացումները, նրանք այդ մարդկանց անմիջապես սպանում էին՝ լավ իմանալով, որ մեղքը կբարդեն հայերի վրա: Չի բացառվում, որ նման սցենար է եղել նաեւ հուլիսի 4-ին:
Նկատենք, որ երեխայի մահվան հետ կապված ցավակցելով՝ ոչ մեկ չի մեղադրել հայերին, որովհետեւ բոլորին պարզ է, թե ինչ է տեղի ունեցել:
- Իսկ միջազգային կառույցների արձագանքները գոհացնո՞ղ էին:
- Սպասում էինք ավելի կոշտ արձագանքներ: Մյուս կողմից էլ, միգուցե, տողատակերով կա շատ հստակ պատգամ, որը դրական ենք գնահատում: Կարծում ենք, որ արձագանքները շատ ավելի կոշտ պետք է լինեին:
Սոսե Չանդոյան