Վահան Մարտիրոսյանն ընդունել է ՀՄՄ-ի ԱՊՀ տարածաշրջանային տնօրենին
EconomicsՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հուլիսի 11-ին ընդունեց Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) ԱՊՀ տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Կիրիլ Օպարինին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, ՀՄՄ կենտրոնակայանը գտնվում է Ժնև քաղաքում: Այն ՄԱԿ-ի շրջանակներում գործող միջազգային կազմակերպություն է, որի նպատակն է համակարգել կառավարությունների և մասնավոր հատվածի աշխատանքները գլոբալ հեռահաղորդակցության ցանցերի և ծառայությունների բնագավառում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախարարություն-ՀՄՄ համագործակցության ուղղություններն ու հեռանկարները: Կարևորվեց համատեղ միջոցառումների իրականացումը` թվայնացման և OTT ծառայությունների կարգավորման վերաբերյալ:
Նշվեց, որ այս տարեվերջին նախատեսվում է նմանատիպ միջոցառում անցկացնել Հայաստանում:
Կարևորելով հեռահաղորդակցության ոլորտում ՀՄՄ-ի դերը՝ նախարարն ընդգծեց հատկապես այն հանգամանքը, որ միությունը գործունեության տարիների ընթացքում մշտապես ձեռնպահ է մնացել քաղաքական հարցերից:
Կիրիլ Օպարինն իր հերթին վստահեցրեց, որ այսուհետ ևս շարունակելու են աշխատել նույն ռազմավարությամբ: