Կինը քարով ծեծել է ամուսնուն՝ եւս մի աման ճաշ ուզելու համար
Հնդկաստանում 40-ամյա հրշեջ տղամարդու համար ընտանեկան ընթրիքն անսպասելի ավարտ է ունեցել. նա իր 38-ամյա կնոջը խնդրել է եւս մի աման ճաշ բերել ու քարով հարված է ստացել ճակատին: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ բժիշկները 5 կար են դրել:
Հնդկաստանի Գուջարաթ նահանգի 40-ամյա բնակիչ Մահենդրա Մարատհին մինչ օրս չի կարողանում ուշքի գալ իր կնոջ արարքից: Տղամարդու խոսքով՝ ինքը երբեք չէր սպասի, որ եւս մեկ չապատի (հնդկական բլիթ) ուզելը նման արձագանք կառաջացնի կնոջ մոտ:
Հոկտեմբերի 6-ին Մարատհին աշխատանքից տուն է վերադարձել հոգնած ու քաղցած, բայց երբ նստել է ընթրելու, տեսել է, որ իր ափսեում միայն երկու փոքր չապատի է դրված: Երբ ամուսինը եւս մեկ չապատի է խնդրել, կինն ասել է. «ինքդ չապատի պատրաստիր քեզ համար»:
Մարատհին պնդել է, որ իրեն բլիթ տա, ինչը կատաղեցրել է կնոջը: Վերջինս ծաղկամանի միջից քար է վերցրել ու հարվածել ամուսնու ճակատին: Ականատեսների խոսքով՝ կատաղած կինը կոտրել է ժամացույցն ու տան ապակիները, որից հետո հեռացել է տնից, դուռը կողպելով ամուսնու եւ 14 ու 10 տարեկան որդիների վրա:
Ինչպես հաղորդում է Ahmedabad Mirror-ը, նրանց օգնության են հասել հարեւանները, որոնք ոստիկանություն են կանչել եւ օգնել միասին կոտրել դուռը: Ամուսինը չի թաքցրել, որ կինն է հարվածել եւ նրա դեմ բողոք է գրել ոստիկանությունում:
Այդ միջադեպից հետո կինը թաքնվել է իր եղբոր տանը: Նրա հարազատներն ասում են, որ իրենք եւս դիմելու են ոստիկանություն, քանի որ կինը գործել է բացառապես ինքնապաշտպանության նպատակով, հաղորդում է FedPost.ru-ն:
«Մենք արդեն մի անգամ դիմել էինք ոստիկանություն ընտանեկան բռնության համար, բայց այն ժամանակ Մարատհին խոստացավ չծեծել քրոջս եւ մենք հետ վերցրինք հայտարարությունը: Ինչ վերաբերում է հոկտեմբերի 6-ի դեպքին, մեր փեսան աշխատանքից եկել է եւ արթնացրել քնած կնոջը՝ մազերը քաշելով: Ինչ էլ եղած լինի, քույրս գործել է ինքնապաշտպանության նպատակով»,-լրագրողներին ասել է կնոջ եղբայրը: