«Հայկական ժամանակ». Ո՞ր դեպքերում է հնարավոր լուծարել Ազգային ժողովը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ գործող Սահմանադրությունը ԱԺ լուծարման շատ կոնկրետ դեպքեր է նախատեսում: Այդ դրույթները շարադրված են Սահմանադրության 74.1 կետում, որտեղ ասվում է.
«Հանրապետության Նախագահն արձակում է ԱԺ-ն, եթե ԱԺ-ն երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին: Հանրապետության Նախագահը ԱԺ նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է արձակել ԱԺ-ն, եթե` ա) ԱԺ-ն հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծերի վերաբերյալ. բ) հերթական նստաշրջանի ընթացքում ԱԺ-ի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում. գ) հերթական նստաշրջանի ընթացքում ԱԺ-ն երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում»:
Վերը նշված բովանդակությունից բխում է, որ ԱԺ-ն հնարավոր է լուծարել միայն երկու դեպքում, եթե այն չի կարողանում կառավարություն ձեւավորել, եւ եթե անգործունակ է: Այս նրբությունները էական են դառնում ոչ իշխանական եռյակի նոր ձեւավորվող պահանջի համատեքստում: Նրանք կարծես թե պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եթե այդ պահանջը դիտարկում ենք Սահմանադրության տրամաբանությամբ, ստացվում է, որ նոր ընտրություններ տեղի կունենան, եթե Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հրաժարական տա, եւ նոր կառավարությունը չկարողանա խորհրդարանում վստահոթյան քվե ստանալ, կամ էլ ուղղակի ԱԺ-ն երեք ամիս չկարողանա որոշումներ կայացնել, երեք ամիս անընդմեջ քվորում չունենա, կաթվածահար լինի: Այս իմաստով` ոչ իշխանական եռյակը դեռեւս չի պարզաբանել, թե ինչպես է պատրաստվում խորհրդարանական արտահերթ ընտրություններ ենթադրող իրավիճակ ստեղծել: Սրա համար կարծես թե անհրաժեշտ է, որ խորհրդարանի աշխատանքը բոյկոտեն ոչ միայն ընդիմությունն ու ոչ իշխանությունը, այլեւ հանրապետականները: Որովհետեւ, եթե միայն հանրապետականները մասնակցեն ԱԺ-ի նիստերին, կարող են քվորում ապահովել եւ քվեարկություններ անցկացնել: Առավել եւս` եթե ԱԺ գնան նաեւ դաշնակցականները եւ անկախները»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում