ՀՀ ԱԻՆ-ը փորձարկում է համայնքների աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու նախագիծ
SocietyՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության և բնակչության պաշտպանության հարցերով գլխավոր վարչության կողմից ֆինանսավորվող «Աղետների ռիսկի կառավարման տարածաշրջանի ծրագրի» (ԴԻՊԵԿՈ IV) հայաստանյան բաղադրիչի մաս հանդիսացող «Համայնքային դիմակայունության և բնապահպանական արտակարգ իրավիճակներին պատրաստվածության կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակներում հունիսի 11-12-ն ընթանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից մշակված «Համայնքի աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու օրինակելի պլան» նախագծի փորձնական կիրառում։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը, միջոցառումը կազմակերպել էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամը և ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիրը:
Համայնքի աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներում գործելու պլանները կնպաստեն համայնքներում սպառնացող վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտմանը, արտակարգ իրավիճակներում համայնքի բնակչության և գույքի պաշտպանության պատրաստվածության բարձրացմանը, ինչպես նաև՝ խոշոր աղետների պայմաններում համայնքի բնակչությանը վարքականոնների և ինքնապաշտպանության ունակությունների պատրաստմանն ու աղետակայուն համայնքի կառուցմանը: