Թերեզե Վեբերը տպավորված է հայ հանդիսատեսի ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ
CultureԿայացավ շվեյցարացի արվեստագետ, թղթարվեստի մասնագետ Թերեզե Վեբերի «Թուղթ-Ձեռք և Ոգի. պատումներ արվեստում» խորագրով անհատական ցուցահանդեսի փակման արարողությունը: Հեղինակը տպավորված էր հատկապես հայ հանդիսատեսի ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ:
Ցուցահանդեսի փակման առթիվ հեղինակն արդեն երրորդ անգամ այցելել էր Հայաստան:
«Հայաստանի ազգային պատկերասրահում չորս շաբաթ շարունակ հնարավորություն ունեցանք հյուրընկալելու շվեյցարացի արվեստագետին ու նրա աշխատանքները: Այս ընթացքում ունեցանք բազմաթիվ այցելուներ ՝ արվեստագետներ, արվեստասերներ, պարզապես ուսանողներ»,-ասաց «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախագահ Սոնա Հարությունյանը:
«Ինձ համար հուզիչ ու աշխատատար էր ցուցահանդեսի ողջ ընթացքը: Սակայն այդ աշխատանքը ստացել է իր արժանի արդյունքը՝ բազմաքանակ այցելուներ: Այս փորձը ևս մեկ անգամ ապացուցեց, որ արվեստի միջոցով հնարավոր է ստեղծել կապեր: Երբ վերադարձա Շվեյացարիա, ինձ հարցրեցին, թե հայ հանդիսատեսն ինչո՞վ էր տարբերվում, ես ասացի, որ հուզված էի հայ հանդիսատեսի անչափ մեծ հետաքրքրությունից: Մեզ մոտ այցելուներն այդքան հետաքրքրված չեն: Ես ցանկացել էի Հայաստանում իմ ստեղծագործական գործունեության ողջ ընթացքը ցուցադրել, և հնարավորություն ընձեռել հայ հանդիսատեսին՝ ծանոթանալու իմ գործունեության զարգացման փուլերին»,-ասաց Թերեզե Վեբերը:
Հեղինակի խոսքով՝ հայաստանյան ցուցահանդեսն իրեն հնարավորություն է ընձեռելել նաև ճանաչել այլ մարդկանց, այլ աշխարհ:
«Ուրախ եմ, որ շվեյցարացի արվեստագետը նախորդ անգամ լինելով Հայաստանում՝ այնքան է ոգևորվել, որ իր աշխատանքներում անդրադարձ է կատարել նաև Հայաստանին: Որոշ աշխատանքներ նվիրաբերվելու են Հայաստանի ազգային պատկերասրահին»,-ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն ու մաղթեց, որ օտերեկրացի արվեստագետների այցերը Հայաստան շարունակական լինեն, և ներշնչանքի աղբյուր լինի նաև մեր երկիրը:
Ցուցահանդեսը կազմակերպել էր «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը: Ցուցահանդեսի շրջանակներում Գերմանիայի Քյոլն քաղաքում հրատարակվել է նաև եռալեզու՝ անգլերեն, գերմաներեն և հայերեն պատկերագիրք: