Կոտայքի մարզում նոր գործարանի կառուցմամբ կստեղծվի 100-120 նոր աշխատատեղ
Economics«Պ և Օ» ընկերությունը, որի հիմնադիրներն են Գերմանիայի քաղաքացի Հայներ Օպարդը և ԱՄՆ քաղաքացի Տիգրան Պապիկյանը,հականեխիչ և սանիտարահիգիենիկ նյութերի ու սարքավորումների արտադրության համար Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում պատրաստվում են կառուցել գործարան:
Կառավարության նիստում այդ մասին նշեց պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը՝ ավելացնելով, որ այդ նպատակով ընկերությունը ձեռք է բերել մոտ 6000 քառ. մետր մակերեսով հողամաս, բայց ծրագիրն ամբողջությամբ իրագործելու համար անհրաժեշտ է ևս 18000-20000 քառ. մետր մակերեսով արտադրական նշանակության հողամաս:
Կառավարությունն ընդունեց որոշում, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ԱՄՆ քաղաքացի Շեիլա Ռաե Պապայանսին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնվող 1.076, 0.7 և 0.19 հեկտար մակերեսներով գյուղատնտեսական նշանակության հողամասերը, այնուհետև գույքը վաճառել «Պ և Օ» ՓԲԸ:
Ծրագիրը նախնական քննարկումներ է անցել Տնտեսական զարգացման և ներդրումների, Առողջապահության և Բնապահպանության նախարարություններում, որից հետո ներկայացվել է նաև ՀՀ վարչապետին: Ներդրման ընդհանուր ծավալը կազմում է մոտ 3 միլիոն դոլար, որի արդյունքում Պռոշյան և Քասախ համայնքների համար 3 տարվա ընթացքում կստեղծվի մոտ 100-120 աշխատատեղ: