Հանրապետության երեք մարզերում իրականացվել է բյուջետային գործընթացների գնահատում
EconomicsԻրականացվել է Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերի համայնքների բյուջետային գործընթացների հրապարակայնության, թափանցիկության, հաշվետվության և բնակիչների մասնակցության գնահատում:
Ծրագիրն իրականացվել է Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպության «Արամազդ. Համայնքի հետ, համայնքի համար» ծրագրի շրջանակներում՝ համայնքների զարգացման ծրագրերի համատեքստում:
Հայկական Կարիտաս ԲՀԿ-ի «Արամազդ. Համայնք հետ, Համայնքի համար» ծրագրի շրջանակներում 2016 թվականի հոկտեմբերից մինչև 2017 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում համայնքների զարգացման ծրագրերի համատեքստում ՀՀ Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում թվով 15 գյուղական համայնքների բյուջետային գործընթացների hրապարակայնության, թափանցիկության, հաշվետվողականության և բնակիչների մասնակցության գնահատում համայնքների զարգացման ծրագրերի համատեքստում:
Գնահատման նպատակն էր՝ նպաստել համայնքների բյուջետային գործընթացների հրապարակայնության ու թափանցիկության ապահովմանը և հաշվետվողականության բարձրացմանը, ինչպես նաև խթանել համայնքներում բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարման գործընթացներին: Գնահատման գործընթացն իրականացվել է միաժամանակ երեք մարզերում` պատահականության սկզբունքով ընդգրկելով յուրաքանչյուր մարզում 5-ական գյուղական համայնք:
Գնահատման իրականացման համար Շիրակի մարզում պատասխանատու է եղել «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման ՀԿ-ն, որը գնահատումն իրականացրել է Շիրակի մարզի Անիավան, Լեռնակերտ, Հայկասար, Ջրափի և Տուֆաշեն գյուղերում:
Գնահատման արդյունքներն ու առաջարկները ծրագրի պատասխանատուները ներկայացրեցին հուլիսի 14-ին Շիրակի մարզպետարանում: Կատարված աշխատանքը գնահատելով Շիրակի փոխմարզպետ Սերյան Պետրոսյանն իր խոսքում կարևորեց իրականացրած աշխատանքը՝ հույս հայտնելով, որ Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպությունն այսուհետ ևս կշարունակի իր տարաբնույթ ծրագրերն իրականացնել՝ հատկապես Շիրակի մարզում:
«Գնահատումը, մեծ հաշվով, ցույց է տալիս տեղական ինքնակառավարման ներկա վիճակը ՀՀ-ում, համայնքների քառամյա զարգացման ծրագրերի համատեքստում բյուջետային գործընթացների հրապարակայնության ու թափանցիկության ապահովումը և հաշվետվողականության բարձրացումը, ինչպես նաև համայնքներում գործընթացներում բնակիչների մասնակցությունը ընդհանուր ուրվագծերը: Հատկապես կան համակարգային թերություններ, թերացումներ ու բացթողումներ: Հուսով ենք, ՏԻՄ ներկայացուցիչները կարձագանքեն գնահատման արդյունքում արված առաջարկություններին ու քայլեր կձեռնարկեն իրենց բացթողումները լրացնելու ուղղությամբ»,- իր խոսքում նշեց ծրագրի ղեկավար Զառա Աղայանը:
Հանդիպման ընթացքում, որին ներկա էին նաև թիրախ համայնքների ղեկավարները, «Բիոսոֆիա» առողջապահության, բնապահպանության և գյուղատնտեսության զարգացման ՀԿ-ի ներկայացուցիչ, ծրագրի ղեկավար Հալետ Ղազարյանը ներկայացրեց գնահատման նպատակները, խնդիրները և եզրակացություններն ու դրանց հիմքի վրա նաև առաջարկները: