Միլլի մեջլիսում կընդունեն «Ցեղասպանություն» ու «Քուրդիստան» բառերի օգտագործում արգելող օրինագիծը
SocietyԱյսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսին թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն ու միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանն խոսեցին Թուրքիայի Միլլի մեջլիսում «Հայոց ցեղասպանություն» և «Քուրդիստան» եզրույթների օգտագործումն արգելող օրինագծի և դրա հետևանքների մասին:
Ինչպես նշեց թուրքագետը, վերջին ամիսներին Թուրքիան արտաքին և ներքին ճգնաժամերի առաջ է կանգնած և բացի այն, որ թուրք-քրդական բախումներն են սրվել, ԵՄ-ի հետ հարաբերությունները նոր սրացման փուլում են, Թուրքիայի ներսում ևս այդ իրավիճակն է: Նա նկատեց, որ անգամ վերջին ամիսներին հաճախակիացել են վիրավորանքները պատգամավորների միջև:
«Ըստ նախագծի՝ պատգամավորներին արգելվում է թուրքականությունը վիրավորող որոշակի արտահայտություններ, և այս նախագիծը շատ նման է Թուրքիայի Սահմանադրության 301 հոդվածին, որն արգելում է այնպիսի արտահայտություներ, որոնք վիրավորում են թուրքական ազգը, և, միաժամանակ, արգելում է «Հայոց Ցեղասպանություն» և «Քրդստան» եզրույթները կիրառել» ,-ասաց նա՝ հավելելով, որ վերջին ամիսներին ավելացան այն երկրների քանակը, որոնք ընդունեցին Հայոց Ցեղասպանությունը, և այն ավելի քննարկվող թեմա է դարձել հենց Թուրքիայի ներսում: Թուրքագետն ասաց, որ Եվրամիությունն արդեն արձագանքել է օրինագծին և նշել, որ ժողովրդավարական տեսանկյունից քանի քայլ հետ է և կվնասի ԵՄ-ի հետ բանակցություններին:
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանն էլ ասաց, որ սա հին պատմություն է՝ նոր դրսևորումներով: Նա, մեջբերելով Լապշինի հետ կապված գործը, նշեց, որ «մեծ եղբայրը հետևում է փոքր եղբորը: «Դատարանները չափազանց լայն կկիրառեն այս օրենքի դրույթները: Սա բերելու է հակազդեցության, եվրոպական դատարան նոր գործերի, քննադատության հենց թուրքիայի ներսում» ,-ասաց նա և ավելացրեց, որ Սահամանադրության համապատասխան դրույթի շարունակությունն է այս օրենքի նախագիծը: