Հոկտեմբերի 27-ին Փարիզում տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի եռակողմ հանդիպումն ու այնուհետև ՀՀ և ԱՀ նախագահների հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ:
Թե ինչո՞վ էր տարբերվում այս հանդիպումը նախորդ հանդիպումներից և առաջխաղացում կա, թե ոչ, ORER.am-ը զրուցեց քաղաքական ու ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ:
Քաղաքագետի խոսքով՝ տարբերությունը միայն աշխարհագրական իմաստով էր, այլ իմաստով նախագահների հանդիպումը նախորդ հանդիպումներից չի տարբերվել. «Հանդիպումը տարբերվում էր միայն նրանով, որ այն տեղի էր ունենում Փարիզում, ոչ թե Մոսկվայում, կամ այլ վայրում: Տարբերվում էր, սակայն միայն աշխարհագրական տեսակետից»:
Հարցին, թե հանդիպումը որևէ առաջխաղացում չի գրանցել, քաղաքագետն ասաց. «Ոչ մի առաջխաղացում էլ չկար` բացի մանր-մունր պայմանավորվածություններից: Օրինակ այն, որ այսուհետ անհետ կորածների վերաբերյալ համատեղ աշխատանքներ կտարվեն միջազգային կառույցների հետ համագործակցությամբ: Եթե փնտրենք, հնարավոր է նաև գտնենք, որ տարիներ առաջ ևս նման պայմանավորվածություններ եղել է: Էական ինչ-որ առաջխաղացում չկար»: