Հայկական ապրանքների էլեկտրոնային հարթակով 600 հազար ռուբլու վաճառք է իրականացվել
EconomicsՌուսաստանի Դաշնության շուկայում հայկական ծագման ապրանքների վաճառքի Armzone էլեկտրոնային հարթակի ներդրումից հետո արդեն վաճառվել է 600 հազար ռուբլու ապրանք:
Հուլիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:
«Դա դեռ սկզիբն է, և մինչև տարեվերջ կունենանք առավել ակտիվ գործող էլեկտրոնային համակարգ , որտեղ փոքր և միջին ձեռնարկությունները կարող են իրենց ապրանքը ներկայացնել ռուսական շուկայում»,- ընդգծեց Ազիզյանը:
Ազիզյանը անդրադարձավ նաև ադամանդի հումքի ձեռքբերման մեծացման ուղղությամբ տարվող աշխատանքներին, և նշեց, որ մինչև 2017 թվականը գործարարների համար կապահովվի լավագույն պայմաններով հումքի ձեռքբերում՝ մասնավորապես՝ Ռուսաստանից:
Նախարարի տեղակալը նշեց նաև, որ ԵԱՏՄ-ում նախատեսվում է ձևավորել գազի միասնական շուկա, որը հնարավորություն կտա գործարարներին ստանալ գազ միասնական շուկայի ներքին գներով:
«Այս ծրագիրը նախատեսվում է իրականացնել մինչև 2025 թվականը: Դա հնարավորություն կտա գործարարներին ստանալ գազ ԵԱՏՄ շուկայի ներքին գներով , որը կնվազեցնի նրանց կողմից իրականացվող որոշ ծախսերը»,- ասաց Ազիզյանը և հավելեց, որ դա նաև կխթանի հայկական ապրանքների մրցունակության բարձրացմանը: