«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ը ներկայանում է նոր՝ «Մեկ աշխատանքի ցուցադրություն» ձևաչափով
CultureԱյսուհետ Գյումրու «Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ը այցելուին կներակայանա նոր՝ «Մեկ աշխատանքի ցուցադրություն» ձևաչափով: Հուլիսի 18-ին մեկնարկած ցուցահանդեսների առաջին շարքը կրում է «Բոլշայա Սպասսկայա, տուն 12 » խորագիրը: Հենց այս նույն հասցեում է գտնվել Երանուհի Ասլամազյանի արհեստանոցը, իսկ շարքի մեջ ընդգրկված նկարներում հենց նկարչուհու արհեստանոցն է պատկերված:
Պատկերասրահի էքրսկուրսավար Գոհար Սմոյանը տեղեկացրեց, որ Երանուհի Ասլամազյանի «Իմ արվեստանոցում», «Իմ արվեստանոցի պատուհանը», «Արևելյան նատյումորտ ուղտերով» ստեղծագործությունների շարքում առկա է պատկերվող մոտիվների ժամանակագրական և էթնիկ նկարագիրը: Աշխատանքներում զգացվում է Ռուսաստանի 70-80-ական թվականների իրականության շունչը՝ արևելյան ջերմության և Մոսկվայի սառնաշունչ եղանակի թարմության սինթեզով:
Երանուհի Ասլամազյանն «Իմ արվեստանոցում» կտավում պատկերել է Մոսկվայի Բոլշայա Սպասսկայա փողոցի վրա գտնվող իր արվեստանոցի ինտերիերը: Երանուհու համար արվեստանոցը ոչ միայն ստեղծագործելու վայր է, այլ անսպառ ոգեշնչման աղբյուր,ջերմ ու հարազատ օջախ: Այդ ստեղծարար օջախում կնոջ կոկիկությամբ, խնամքով դասավորված են ինտերիերի ամեն մի դետալը, առարկաները՝ կտավները, գրքերը, կանացի իրերը,որոնք նկարչուհու արվեստի մեջ վերաիմաստավորվում են՝ դառնալով հոգևոր նշանակությամբ բովանդակություն:
Արվեստանոցը հանդիսանում է նաև նկարչուհու հետաքրքրությունների հավաքական նկարագիրը,սեփական կերպարի բնութագիրը:
Շարքի նկարները պատկանում են նատյուրմորտի ժանրին, բայց ի տարբերություն այդ տարիների շատ արվեստագետների այդ ժանրի ստեղծագործությունների, Երանուհի Ասլամազյանը կարևորել է նաև նատյուրմորտի կենսափիլիսոփայական շերտերն ու սիմվոլիզմը:
Այս գործերը մինչ այս եղել են պահոցում և ցուցադրվում են առաջին անգամ: Նման ձևաչափով կներկայացվեն նաև մյուս գործերը: