Դավիթ Հարությունյանը՝ իշխանափոխության պահանջի մասին
«Ես չեմ տեսել մի քաղաքական գործիչ, որը մեկ այլ քաղաքական գործչի հանրահավաքի արդյունքում որոշի հրաժարական տալ»,- այսօր Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով եռյակի պահանջին՝ իշխանափոխությանը, և հավելեց, որ որևէ մեկը որևէ մեկին արտահերթ ընտրություններ չի կարող պարտադրել:
Հարցին, թե ժողովո՞ւրդն էլ չի կարող իշխանափոխություն պարտադրել, Դավիթ Հարությունյանը պատասխանելով, ասաց. «Իսկ ժողովուրդ ասելով, քանի՞ հոգու նկատի ունենք, ինչ-որ թիվ ասեք: Ես խնդրում եմ բացեք ընտրությունների արդյունքները և ստուգեք քանի ձայն է ստացել իշխանական կուսակցությունը»:
Դավիթ Հարությունանի խոսքով՝ իշխանափոխության պահանջի նախադեպ մեկ անգամ արդեն եղել է. «Եթե դարձյալ նույն երգն է, կարծում եմ, որևէ համագործակցության մասին, գոնե այդ ոլորտում, իմաստ չունի խոսել: Իսկ գործի վերաբերյալ, նոր ծրագրերի, այն բարեփոխումների, որոնք մենք փորձում ենք իրականացնել, նրանց բացասական կողմերի կամ վտանգների տեսակետից, որ մենք փորձում ենք վեր հանել, իհարկե պատրաստ ենք համագործակցել, և Ազգային ժողովը հենց դրա համար է»,- ասաց նա: