Դեսպան Թումանյանն Իրանի Մազանդարան նահանգում ներկայացրել է ՀՀ տնտեսական հնարավորությունները
EconomicsԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հուլիսի 15-16-ն այցելել է Իրանի Մազանդարան նահանգ, որտեղ հանդիպել է նահանգապետ Ռաբիֆալահ Ջալուդարի, փոխնահանգապետ Հասան Խեյրիանփուրի և մի շարք այլ պաշտոնյաների հետ։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-իրանական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները, երկրի գործարար միջավայրը, ինչպես նաև հայ և իրանցի տնտեսվարողների միջև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:
Մազանդարանի Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատում դեսպան Թումանյանը հանդիպեց նահանգի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ: Իրանցի ձեռնարկատերերին տրամադրվեց համապարփակ տեղեկատվություն Հայաստանում գործարար միջավայրի, ազատ տնտեսական գոտիների, երկրի ներդրումային քաղաքականության և իրականացվող ծրագրերի, հարկային և բանկային համակարգի, տրանսպորտային, էներգետիկ և այլ ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև կառավարության կողմից գերակա հայտարարված տնտեսության ճյուղերի (ՏՏ և հեռահաղորդակցություն, վերականգնվող էներգետիկա, գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն, դեղագործություն, զբոսաշրջություն և այլն) մասին:
Դեսպան Թումանյանն այցելեց նաև Մազանդարանի մի շարք ձեռնարկություններ:
Այցի ընթացքում դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպեց նահանգի կենտրոնական քաղաք Սարիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ծանոթացավ համայնքի խնդիրներին: Հանդիպման մասնակիցների խնդրանքով դեսպան Թումանյանն անդրադարձավ Հայաստան-Իրան հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին»: