Ընտրել ե՞ք, դե վայելեք
AnalysisArmenia24.info-ն գրում է.
Մեծ աղմուկ բարձրացավ Ֆիրդուսի շուկայի տաղավարներն ապամոնտաժելու հետ կապված: Այս աղմուկը երկրորդեց մեկ այլ ՝ ավելի կարևոր հարց, դա ՀՀ արտաքին պարտքի հարցն է: Սակայն այդ խնդիրն այլ խոսակցության թեմա է: Փորձենք օբյեկտիվ ռակուրսից նայել Ֆիրդուսի շուկայի խնդրին:
Սկսենք նրանից, որ առևտրականներին վաղուց էին զգուշացրել շուկայի տարածքի ազատման մասին: Նրանք, հայի բնավորության համաձայն, ամեն ինչ թողել էին «յոլա գնալու» ու վերջին պահի սկզբունքին: Նրանք մինչև սեպտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ժամանակ էին խնդրում: Բայց ինչի՞ համար: Միևնույնն է, նրանց չէին էլ խոստացել ու տեղյակ էին այդ մասին, որ որևէ խոստում չի տրվել: Սա պարզապես բնավորության գիծ է. քաղաքական տհասության ու կարճամտության դասական դրսևորում:
Անկեղծ ասած, տողերիս հեղինակին որևէ կերպ չի հետաքրքրում Ֆիրդուսի առևտրականների ճակատագիրը: Նրանց մեծ մասը տեղեր ունեն տարբեր մոլերում, ու ինչ-որ կերպ կգոյատևեն: Ինձ ավելի շատ հուզում է այն հանգամանքը, որ բոլոր հարցվածները պնդում էին, թե ընտրել են ՀՀԿ կամ Տարոն Մարգարյանին: Այս դեպքում հստակ ասում ենք ՝ ընտրել ե՞ք, դե վայելեք: Եթե ձեր ոչ քաղաքացիական կեցվածքով, ու հնազանդ վիզ ծռածի կարգավիճակով, դուք և հարյուր հազարավոր ձեր նմանները, որոշում են պետության ճակատագիր, ուրեմն արժանի եք այս վիճակի:
Մյուս կողից, շուկայի ապամոնտաժումը ևս մեկ անգամ իրավական տեսքի բերեց թաղի «ուժեղ տղեք» և իշխանական շրջանակներ համագործակցությունը: Այն, ինչ չկարողացավ անել ոստիկանությունը, արեցին մի խումբ ուժեղ տղաներ, որոնց զգալի մասը, հաստատապես քաղաքապետարանի աշխատակիցներ չէին:
Մյուս կողմից, առևտրականները, ի հակառակ այն բանի, որ ժամանակին լուծեին իրենց խնդիրները, հուզական ռեակցիաներից ելնելով, հղում էին անում թուրքերին ու ինչպես լինում է նման դեպքերում, իշխանության ներկայացուցիչների գործելաոճը համեմատում էին թուրքերի հետ:
Ընկերներ, դուք թուրքերի հետ մի համեմատեք: Տարեկան 30.000 մարդ աշխատում է Թուրքիայում, դա միայն պաշտոնապես ու միայն Հայաստանից, և այդ մարդիկ գումար են ուղարկում Հայաստան: Ինչպես տեսնում եք, թուրքերը բնավ վատ չեն վարվում: Ավելին ասեմ, սիրելի վաճառականներ: Այդ նույն ապրանքը որ բերում եք Թուրքիայից, այդ երկրում ԱԱՀ չեք տալիս, գնում եք ՝ ազատ տնտեսական գոտուց, մնացած բոլոր հարկերն ու տուրքերը մուծում եք Հայաստանում: Հիմա հարց, եթե թուրքը հավաքական դահճի կերպար է, հիմա ու՞մ է ավելի բնորոշ այդ դահճի կերպարը:
Վահրամ Թոքմաջյան