Իրենց համար սարսափելի բան է դարձել հայ ժողովրդի հոգեբանական անկախացումը
InterviewԼragir.am-ը գրում է.
Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Պարոն Շիրինյան, Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանին առաջարկել է ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալ, որպեսզի լուծվի հայկական վարորդական իրավունքի վկայականների խնդիրը Ռուսաստանում։ Ինչպե՞ս եք գնահատում նման առաջարկը, երբ փորձ է արվում ինչ-որ բան պարտադրել Հայաստանին։
Դա ռուսական քաղաքականության դրսևորումն է, այդտեղ որևէ նորություն կամ զարմանալի բան չկա։ Իրենք արդեն վաղուց գիտեն, որ եթե որևէ ժողովրդի լեզվի միջոցով չես կարողանում թափանցել տվյալ ժողովրդի ուղեղ, ուրեմն արդյունք չես ունենա, հատկապես, որ դու գրավիչ չես առանձնապես տվյալ ժողովրդի համար։ Երկրորդ՝ դա դեռևս հին ժամանակներից եկող բան է՝ հայ ժողովրդին ներկայանալով որպես ջերմ բարեկամ, մշակութային ինքնությունից զրկել, ինչը աղետալի է։ Այսօր ինձ թվում է դրանք իրենց քաղաքականության արդյունքում շատ են վախենում Հայաստանի քաղաքական կողմնորոշման փոփոխությունից, դրա համար այդ հարցերն առաջ են բերում։ Մանավանդ ապրիլյան պատերազմից հետո, երբ ակնհայտ տեսան, որ կարող է և Հայաստանում հինգերորդ շարասյուն ունեն, կարող է այդ շարասյան վրա վստահ են, բայց նոր, երիտասարդ զանգվածը անմնացորդ նվիրվել է իր պետականության ու հայրենիքին։ Սա չափազանց կարևոր հոգեբանական ակտ է։ Նրանց համար սարսափելի բան է դարձել հայ ժողովրդի հոգեբանական անկախացումը։
Ես նաև առաջարկ ունեմ, որ քանի որ հայոց լեզուն որպես հնագույն քաղաքակրթություն և մշակույթ ներկայացնող ժողովրդի լեզու, շատ ավելին է, քան ռուսերենը, կարելի է ընդունել որպես ԵՏՄ-ի պետական լեզու։ Նախ հայերենը բոլոր կարողություններն ունի ծավալվելու, դրսևորվելու համար, նաև կա կադրերի ահռելի զանգված՝ Մագադանից մինչև Աստրախան ու Սանկտ Պետերբուրգ, որը կարող է ուսուցչական կադրերով ապահովել։ Նաև որպես մի ժողովուրդ ու պետություն, որը ունի տարածվածություն, բայց գերիշխանական, կայսերական որևէ ակնկալիք չունի։ Այդ իմաստով, դա մեր առավելությունն է։ Դրա համար կարելի է առաջարկել հայոց լեզուն ընդունել ԵՏՄ տարածքի պետությունների համար որպես ընդհանուր մի լեզու։ Ի դեպ, 1970-ական թվականներին ՄԱԿ-ի հանձնաժողովներից մեկում քննարկվել է հայոց լեզուն որպես միջազգային լեզուներից մեկը օգտագործելու հարցը, և ԽՍՀՄ-ն էր դրան դեմ դուրս եկել։
Մշակութային, լեզվական ու կադրային որևէ խնդիր չկա, որպեսզի հայոց լեզուն դառնա ընդհանուր օգտագործման լեզու ԵՏՄ տարածքում։
Իսկ Վոլոդինի առաջարկի վերաբերյալ պետք է ամբողջ ժողովուրդը զանգվածաբան բողոքի, իշխանությունը պետք է իմանա, որ նման ոտնձգությունից հետո ժողովուրդն իրավունք ունի ապստամբելու։ Ոչ մի այլ լեզու Հայաստանում չի կարող լինել պետական կամ պաշտոնական, բացի հայոց լեզվից։ Հայերենից հետո երկրորդ սանդղակը դատարկ է, երրորդը կարող է անգլերենը լինել, չորրորդը նոր ռուսերենը։ Աշխարհում գիտատեխնիկական, հասարակագիտական նորագույն միտքը ստեղծվում է անգլերենով։
Իսկ ինչպե՞ս եք գնահատում, որ ընդդիմադիր պատգամավոր Էդմոն Մարուքյանն առաջարկել է դուրս գալ ԵՏՄ-ից։
Ինձ թվում է՝ Ազգային ժողովը, եթե պետականաշինության բարձունքի վրա է գտնվում, պետք է մի հանձնաժողով ստեղծի և նորից մանրամասն քննի Ռուսաստանի հետ պայմանագրային փաթեթի բոլոր ծակուծուկերը՝ Հայաստանի պետական շահերը սպասարկելու նպատակով։ Ամբողջը պետք է քննվի, թե ինչ պայմանագրեր են, մենք դրանից օգուտ ունենք, թե չունենք։ Օրինակ՝ իմ կարծիքով, ռուսների այս քայլերը ցույց են տալիս, որ Հայաստանի ազգային տարածքը իրենց համար ունի բացառիկ արժեք, ինչը մենք չենք հասկանում։ Դրանից է, որ նրանք վախենում են կորցնել Հայաստանը ու ամեն անգամ մի նոր ճնշման ձև են որոնում։ Դրա համար բոլոր փաստաթղթերը պետք է վերանայել, հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից սկսած, այնտեղ են ակունքները։ Մենք մի բան պետք է ասենք, որ Հայաստանն ինքը եվրոպական մշակույթ և քաղաքակրթություն ունեցող պետություն ու ժողովուրդ է և չի կարող այդ պորտալարից կտրվել։ Հայաստանի և Եվրոպայի միջև այս կապը փոխադարձ է եղել միշտ, դարերով։ Իսկ ռուսները թող իրենց համար որոշեն, ուզում են թող ղազախների հետ միանան, ուզում է՝ ույղուրների։ Այս փուլը պետք է դիտվի որպես 4-րդ հանրապետության հիմնադրում, սա լավագույն առիթն է դրա համար։ Դա նշանակում է իրական անկախություն՝ իրական Հայաստանով, որը նորից պետական կառույցը վերականգնելու խնդիր ունի։
Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին նոր զինատեսակներով զինելու քաղաքականությունը, իսկ Հայաստանում դրա դեմ կարծես կոշտ դիմադրություն չկա։ Շարմազանովն ասել է, որ այդ զենքը մեր դեմ չի կրակում, երբ կկրակի, այդ ժամանակ գնահատական կտանք։
Ինչպե՞ս թե չի կրակել, ապրիլին այդ մարդիկ չե՞ն տեսել, թե ինչ զենքերով էին մեզ վրա կրակում։ Կարո՞ղ է ապրիլին լուսնի վրա էին կրակում։ Բայց այստեղ մի հարց էլ կա, մենք պետք է Իրանին ոտքի հանենք։ Ես օրինակ, ենթադրում եմ, որ այն զինվածության չափը, որ Ադրբեջանն իրականացնում է զինվելու իմաստով, Հայաստանի համար բավարար է ու մի քիչ էլ շատ է։ Ըստ երևույթին՝ Ադրբեջանը զինվում է նաև Իրանի դեմ։ Դա շատ կարևոր է Իրանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների համար, երկրորդ, դրա մեջ այլ խնդիրներ են առաջանում։ Տեսեք, Ռուսաստանն Ադրբեջանին զինում է, այստեղ համատեղ զորախումբ է ստեղծում, որ ինքն իր դեմ կռվի։ Սա կարծես ֆոկուս է, չէ՞։
Դրա համար, կարծում եմ, որ եթե մենք ունենանք անկախ Ազգային ժողով, պետք է Արցախի հետ դաշնային պետության ստեղծման գործընթաց սկսել։ Սա նշանակում է, որ Հայաստանի բոլոր լիազորությունները, ինքնիշխանությունը որպես նոր պետականություն, կտարածվի նաև Արցախի վրա։ Այս պայմաններում Ռուսաստանը օրենսդրորեն մեր դեմ ոչինչ չի կարող ասել, որովհետև մենք նախադեպ ունենք։ Երբ Ղրիմը միացվեց Ռուսաստանին, իրենց ասելով մայր հայրենիք վերադարձավ, մենք ոչ մի առարկություն չարեցինք, և Ռուսաստանն ընդունեցինք Ղրիմի հետ միասին։ Հիմա ես առաջակում եմ այդ համատեղ հայկական դաշնային պետության ստեղծումը, և Ղրիմի նախադեպով Ռուսաստանը ոչինչ չունի ասելու, հետևաբար իր դաշնակցային պարտավորությունները պարտավոր է կատարել նոր Հայաստանի հանդեպ։ Մենք մեր շահերը պետք է պաշտպանենք։
Այստեղ մնում է միայն Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի մի հարցը՝ մենք Ռուսաստանին դե՞մ ենք, թե կողմ։ Մենք Ռուսաստանից պահանջում ենք մեր շահերը չոտնահարել և ուզում ենք իրական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների ձևավորում։ Եթե Ռուսաստանը չի ուզի, արդեն ինքը գիտի, մենք էլ կմտածենք, թե ինչ անենք։ Իմ ասածները բոլորը միջազգային օրենսդրության սահմաններում է։ Եթե Ռուսաստանը դա չի ուզի, թող ինքը կողմնորոշվի, թող վերադառնա տուն։ Մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի տարածքի գնահատականը և մեր ժողովրդի արժեքը համաշխարհային իմաստով նրա աչքին շատ է մեծանում։
Իսկ վարորդական իրավունքների հարցով էլ ասեմ հետևյալը. վերադարձեք տուն, շատ էլ լավ են անում, վերադարձեք հայրենիք և մեզ հետ միասին պայքարեք արժանապատիվ պետություն ստեղծելու համար և ապրեք հանգիստ։
Այս առումով Հայաստանը պետք է քննի նաև ռուսական վարորդական իրավունքները Հայաստանի տարածքում անցնելու հարցը, կրթական համակարգի վիճակը և նաև Ռուսաստանից թոշակ ստանալու խնդիրը, ում ինչ է տալիս և ինչի է տալիս։
ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ