Երևանում «Քաղաքային քանդակ» խորագիրը կրող ցուցահանդես է բացվել
CultureԱլ. Թամանյանի անվ. ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի «Թամանյան» սրահում հուլիսի 21-ին բացվել է «Քաղաքային քանդակ» խորագիրը կրող ցուցահանդեսը, որը համակարգում է քանդակագործ Նունե Թումանյանը:
Արդեն երկրորդ անգամ կազմակերպված ցուցադրությանը ներկայացվել են 10 քանդակագործի 20 նախագիծ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև օգոստոսի 10-ը:
«Քաղաքային քանդակը ցանկացած քաղաքի այն կարևոր գեղարվեստական տարրն է, որն ունի այլ գործառույթ, քան մեզ մոտ այդքան ընդունված հուշարձանները: Լինելով արվեստի յուրահատուկ տեսակ, այն կոչված է տրամադրություն ստեղծել քաղաքում, դրա հետ մեկտեղ կրելով և որոշակի քաղաքաշինական ֆունկցիա՝ կազմակերպել տարածությունը, լրացնել միջավայրը, հարստացնել քաղաքի ուրվագիծը, շենքերի հետ համատեղ աշխատելով նպաստել ճարտարապետության գեղագիտական և պլաստիկ խնդիրների լուծմանը:
Երևանում, ցավոք, գրեթե չկան այդ խնդիրները լուծող քանդակներ: Ուստի անհրաժեշտ է գոնե նախագծերի մակարդակով ներկայացնել համապատասխան առաջարկներ, որոնք կարող են հետագայում մեր քաղաքում ստեղծել հետաքրքիր և բոլորի կողմից սիրված անկյուններ, պատկերներ և կերպարներ:
Հուսանք ներկայացված առաջարկները կհետաքրքրեն ներդնողներին»,- ասվում է կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից: