Աղբյուր. Նեյմարը համաձայնեցրել է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը` տարեկան 30 մլն եվրո աշխատավարձով
Sport«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը պատրաստ է տեղափոխվել ՊՍԺ և արդեն համաձայնեցրել է փարիզեցիների հետ անձնական պայմանագրի պայմանները, հայտնում է «ESPN FC»-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, բրազիլացի ֆուտբոլիստը ՊՍԺ-ի ղեկավարությանը նաև հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել իրենց ակումբ:
Սա նշանակում է, որ ֆրանսիական ակումբը պետք է «Բարսելոնային» վճարի Նեյմարի հրաժարագինը` 222 մլն եվրո:
Համաձայն միջազգային լրատվամիջոցների` 25-ամյա Նեյմարն իր հոր հետ մի քանի օր առաջվանից բանակցություններ է վարում ՊՍԺ-ի հետ: Կողմերը համաձայնության են եկել, որ հարձակվողը 4 տարվա պայմանագիր կկնքի` տարեկան 30 մլն եվրո աշխատավարձով: Ֆուտբոլիստը նաև մեծ գումարներ կստանա որպես բոնուս` ՊՍԺ տեղափոխվելու համար:
Եթե այս տրանսֆերը կայանա, ապա այն ռեկորդային կլինի ֆուտբոլի պատմության համար: Այս պահին ռեկորդը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին», որը 2016 թվականի ամռանը «Յուվենտուսին» 105 մլն եվրո (110 մլն եվրո` ներառյալ բոնուսները) վճարեց կիսապաշտպան Պոլ Պոգբայի տեղափոխության համար: