Թուրքիայի Հանրապետության օրվա առթիվ նախագահական ընդունելությունը չեղյալ է հայտարարվել
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է այն մասին, որ Հանրապետության տոնի առթիվ նոր նախագահական նստավայրում կազմակերպված ընդունելությունը չեղյալ է համարվել: Պատճառը հոկտեմբերի 28-ին Քարաման Էրմենեքում գտնվող ածխահանքում գրանցված փլուզումն է, ինչի հետևանքով 18 թուրք բանվորներ հայտնվել են գետնի տակ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ակոս» պարբերականը: Հայտնի է դարձել, որ Էրդողանն ու վարչապետ Ահմեդ Դավութօղլուն մեկնել են դեպքի վայր` Էրմենեք:
Թուրքիայում ամենանշանակավոր տոներից մեկը համարվող Հանրապետության տոնին այս տարի նախագահ Էրդողանը նախատեսել էր մեծ ընդունելություն կազմակերպել, որն առաջինն էր լինելու նախագահական նոր նստավայրում: Հաղորդվում էր, որ ընդունելությանը հրավիրվել էին շուրջ 4000 մարդ ինչպես երկրի ներսից, այնպես էլ արտերկրից: Ընդդիմադիր կուսակցությունները նախապես մերժել էին ներկա գտնվել միջոցառմանը: