Հայաստանի նկարիչների միությունում տրվեց Հանրապետական երիտասարդական ցուցահանդեսի մեկնարկը
CultureԱռաջիկա օրերին նկարչական արվեստի սիրահարները հնարավորություն կունենան ծանոթանալու հայ երիտասարդ նկարիչների աշխատանքներին: Հայաստանի նկարիչների միության երկրորդ հարկի ցուցասրահում հուլիսի 26-ին բացվեց Հանրապետական երիտասարդական ցուցահանդեսը: Ցուցասրահում տեղ են գտել տարբեր ժանրերի և ոճի նկարներ: Ցուցահանդեսին մասնակցում են մինչև 35 տարեկան նկարիչներ:
Հանրապետական երիտասարդական ցուցահանդեսի մասնակից Արմեն Զաքարյանը ասաց, որ սա 4-րդ ցուցահանդեսն է, որին մասնակցում է:
«Երեքին մասնակցել եմ, սա չորրորդն էր: Հիմա արդեն նկարիչների միության անդամ եմ»,- ասաց նա:
Հարցին, թե որքա՞ն ժամանակ է պահանջվում մեկ նկարը նկարելու համար, Արմեն Զաքարյանը պատասխանեց. «Ոչ շատ երկար: Երբեմն 5-6 ժամ կամ ավելի քիչ` 3 ժամ»:
Հայաստանի նկարիչների միության անդամ Անի Գալստյանը ցուցահանդեսին մասնակցում է «Ֆրիդա» նկարով: Խոսելով նկարի մասին՝ նա ասաց, որ նկարում կնոջ մարմին է պատկերված. «Ես հենց այսպես եմ պատկերացնում Ֆրիդային: Ընկերներիցս մեկը մի պատմություն էր պատմել Ֆրիդայի մասին, և այդ պատմությունից ոգեշնչված նկարեցի այս նկարը»: Նա իր խոսքում ընդգծեց, որ իր մոտ առանց տեսնելու նկարելն ավելի լավ է ստացվում: «Երևակայությունը ինձ մոտ ավելի լավ է արտահայտված»,-նշեց նա:
Հայաստանի նկարիչների միության անդամները ցուցահանդեսի կազմակերպչական հանձնաժողովին ներկայացրել են յուրաքանչյուրը մեկական նկար, իսկ այն նկարիչները, ովքեր միության անդամ չեն, հնարավորություն են ունեցել ներկայացնել մի քանի աշխատանք: