Ի՞նչ է կատարվել մարզպետի սպանված խորհրդականի տանը
AnalysisLraber.info-ն գրում է.
Կամ ՝ երբ անպաշտպանության զգացումը սողոսկում է ամենուր
Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի գործով կասկածվում են նրա որդին և կինը: Այս մասին երեկ հայտնի դարձավ shamshyan.com-ից: Իսկապես ահասարսուռ նորություն: Հաճախ են հանդիպում ընտանեկան վեճերի ու սպանությունների դեպքեր, հատկապես սոցիալապես ծանր վիճակում գտնվող, կամ բավական վատ կենցաղով ապրող ընտանիքների դեպքում: Բայց սա այդ դեպքը չէ: Խոսքը քիչ թե շատ ապահովված ընտանիքի մասին է, որոնց սոցիալական կարգավիճակն ամրապնդված էր նաև պաշտոնով:
Ի՞նչ կարող է տեղի ունեցած լինել, որ որդին և կինը սպանեն ամուսնուն, հետո դաժանաբար կապեն և կորցնեն: Կենցաղային վեճից ծագող դեպքի սա նման չէ: Ակնհայտ դաժանությունը սարսափեցնում է: Մանավանդ, որ այդ դաժանության ու անպաշտպանության զգացումը սողոսկում է նաև իշխանության օղակներ ու ապահովված ընտանիքներ:
Արժեհամակարգային այն բազան, որով առաջնորդվում են ներկայումս Հայաստանում գնալով սպառում է իրեն: Եվ խնդիրը միայն ընտանիքների ֆինանսական վիճակը չէ: Հասարակության մեջ օրեցօր ամրապնդվող պառանոյալ դրսևորումները ավելի ցայտուն են դառնում և դրսևորվում դաժանության տեսքով: Այլ ձևով հնարավոր չէ բացատրել տեղի ունեցող, հնարավոր չէ ալիբի գտնել նման դաժան սպանության համար:
Երբ սպանությունների հիմքում կրիմինալն է, հասկանալի են դառնում սպանության մոտիվները, ընդունելի չէ, բայց հասկանալի: Բայց երբ սպանության հիմքում հաճախ ընկած են զուտ հոգեբանական և պառանոյիդալ գործոններ, ապա կա վախենալու բան: Նշանակում է արժեքների և նորմերի այն համակարգը, որում մենք ապրում ենք, այլևս չի արդարեցնում իրեն և նմանատիպ ողբերգական դեպքեր հաճախ են պատահելու:
Այս իմաստով, դեպքի բացահայտումն ու մանրամասն հետաքննությունը կարևոր են ոչ միայն արդարադատությունը վերականգնելու իմաստով, այլև տեղի ունեցածի մոտիվները և դրամատուրգիան հասկանալու համար:
Արտակ Ասլանյան