Վերաբացվեց Կենտրոն վարչական շրջանի գյուղմթերքի տոնավաճառը
SocietyԿենտրոն վարչական շրջանի Մաշտոցի պողոտային հարող տարածքում հուլիսի 29-ին վերաբացվեց գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը: Արմենպրեսի հաղորդմամբ` բացմանը ներկա գտնվեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը և Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, ովքեր շրջայց կատարեցին տոնավաճառում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի խոսքով՝ տոնավաճառում ներկայացված են 85 գյուղացիական տնտեսություններ, սակայն այն ավելանալու է մինչև 120-130-ի և օրական վաճառվելու է մինչև 50 տոննա գյուղմթերք, իսկ Կասյան փողոցի հարակից տոնավաճառում ընդգրկված է 160 գյուղացիական տնտեսություն, որտեղ օրական վաճառվում է մինչև 80 տոննա գյուղմթերք:
«Քննարկվում է Երևանի քաղաքապետի հետ Նոր Նորք վարչական շրջանում նույնպես գյուղատնտեսական տոնավաճառ բացելու հարցը և առաջիկա երկու շաբաթների ընթացքում մտահղացումը կիրականացվի,- ասաց Մակարյանը:
ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ 2011 թվականից կազմակերպվող տոնավաճառների համար մասնակցության պայմաններն անփոփոխ են:
Տոնավաճառում պահպանվելու են նույն կանոնները, որոնք գործում են Կասյան փողոցին կից տոնավաճառում՝ վրանները, վաճառասեղանները, կշեռքներն ու սայլակները գյուղացիներին տրամադրվելու են անվճար: Բացի այդ, մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից տրված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:
Դավիթ Օհանյանը նշեց, որ տոնավաճառների բացման միտքը ծագեց այն ժամանակ, երբ արգելվեց բացօթյա առևտուրը և գյուղացիների մոտ խնդիր առաջացավ իրենց գյուղմթերքների վաճառքի հետ կապված, ուստի տոնավաճառների անհրաժեշտություն եղավ:
«Առաջին տոնավաճառը բացվեց Կասյան փողոցի հարակից տարածքում, երկրորդը՝ Մաշտոցի պողոտային հարող տարածքում: Բնականաբար սա դեռ վերջը չէ, քանզի նախատեսել ենք գյուղմթերքի տոնավաճառ բացել նաև Նոր Նորք վարչական շրջանում: Տոնավաճառների բացման մտահղացումը իրեն արդարացնում է, քանի որ գյուղացիները անմիջապես իրենց թարմ մթերքը վաճառում են, որը հարմար տարբերակ է նաև գնորդների համար»,- ընդգծեց Օհանյանը:
Տոնավաճառը գործելու է շաբաթ և կիրակի օրերին: