Հակառակորդը կրակել է դաշտում աշխատող կոմբայնի վրա․ ոսկեվանցիները չեն կարողանում հավաքել ցորենի բերքը
SocietyNEWS.am-ը գրում է.
Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչներն արդեն մի քանի օր է՝ չեն կարողանում հավաքել վտանգավոր տարածքում գտնվող ցորենի դաշտերի բերքը։ Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ոսկեվանի ղեկավար Սերյոժա Ալեքսանյանը։ Նա նշեց, որ հուլիսի 28-ին հակառակորդը կրակել է հացահատիկի դաշտում աշխատող կոմբայնի վրա, բարեբախտաբար, կոմբայնավար Համբիկ Գրիգորյանին հաջողվել է թաքնվել թփերի հետեւում եւ խուսափել հակառակորդի գնդակից։
«Երկու օր ա՝ չենք գնում բերքը հավաքելու, դադարեցրել ենք։ Մոտ 2 հեկտարի չափ տարածություն է, մնացածը հավաքել ենք, մնացել ա դա։ Վերջում էինք թողել այդ տարածքը, որովհետեւ ամենավտանգավորն է»,-ասաց նա։
Ոսկեվանի ղեկավարի խոսքով, սահմանային հատվածում տեսանկարահանող սարքերի տեղադրումից հետո հակառակորդը դիվերսիոն փորձերի փոխարեն սկսել է կրակել խաղաղ բնակչության վրա․ «Ընդհանուր նորմալ է իրավիճակը, դե սահմանին միշտ էլ կրակոցներ կան։ Գյուղի վրա էլ վերջին անգամ 28-ին են կրակել»։