Եվրահանձնաժողովի, ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գազի արձանագրությունը համաձայնեցված է. Միլլեր
International newsԳազի շուրջ պայմանավորվածությունները կամրագրվեն երեք փաստաթղթում՝ երկու արձանագրություններում (ՌԴ-ի, ԵՀ-ի եւ Ուկրաինայի միջեւ, ինչպես նաեւ ԵՀ-ի եւ Ուկրաինայի միջեւ) եւ «Գազպրոմ»-ի եւ «Նավթոգազի» պարտավորագրի լրացման մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Նրա խոսքով՝ չհամաձայնեցված է մնում Ուկրաինայի եւ Եվրահանձնաժողովի միջեւ արձանագրությունը, որը ներառում է ռուսական գազի մատակարարումների վճարման ֆինանսական երաշխիքները, առանց որի չեն ստորագրվի նաեւ մնացած փաստաթղթերը:
«Խոսքն այն մասին է, որ ստորագրվելու է երկու արձանագրություն՝ եռակողմ ձեւաչափով արձանագրություն (Ռուսաստան, Ուկրաինա, Եվրահանձնաժողով) եւ երկկողմ ձեւաչափով արձանագրություն (Եվրահանձնաժողով, Ուկրաինա): Իսկ ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին, ինչ վերաբերում է երաշխիքներին, որոնք Ուկրաինային տալիս է Եվրահանձնաժողովը, այդ պարտավորությունները կամրագրվեն երկկողմ արձանագրության մեջ»,- լրագրողներին ասել է Միլլերը՝ ամփոփելով գազի խնդրի շուրջ Բրյուսելում կայացած հերթական եռակողմ բանակցությունների արդյունքները:
«Համապատասխանաբար՝ հանդիպումը, բանակցությունները հոկտեմբերի 30-ին կկայանան միայն այն դեպքում, եթե ուկրաինական կողմը եւ Եվրահանձնաժողովը համաձայնության հասնեն այդ երկկողմ արձանագրության շուրջ: Եթե նման համաձայնություն ձեռք չբերվի, ապա հանդիպում, բանակցություններ չեն լինի եւ ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվի»,- պարզաբանել է Միլլերը:
Ինչ վերաբերում է եռակողմ արձանագրությանը, ապա, նրա խոսքով, դրա բոլոր սկզբունքային դրույթները համաձայնեցված են: «Ճիշտ այդպես էլ սկզբունքորեն համաձայնեցված է Ուկրաինայի «Նավթոգազի» եւ «Գազպրոմի» միջեւ պարտավորագրի լրացումը, որը տեխնիկական բնույթ է կրում»,- հավելել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: