Սևանի ավազանի ապօրինի շինություններն ապամոնտաժում ենք «օրենքի ատամով», առաջին հերթին՝ «արտոնյալներինը». «Սևան ազգային պարկի» տնօրեն
EconomicsTert.am-ը գրում է.
Սևանի ավազանում առկա շուրջ 4700 ապօրինի շինություններից եթե մինչև 2017թ. ապամոնտաժվել է 748 շինություն, միայն այս տարի ապամոնտաժվել է 95 շինություն. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը՝ ներկայացնելով «Սևան ազգային պարկի» բարեփոխումների և ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը:
Վահե Գուլանյանը նշեց, որ այս տարվա ապօրինի շինություններից 55-ն ապամոնտաժվել է ջրի մոտ գտնվող հատվածից և 9-ը՝ մայրուղու հարևանությամբ գտնվողներից, որոնք եղել են ոչ բարեկարգ վիճակում:
«Ապամոնտաժվել է ցածր գոտու վրա գտնվող, Շորժայի ճանապարհի վրա մի ամբողջ հսկայական հանգստի գոտի: Ապամոնտաժվել են 27 հատ բետոնային հիմքերով տաղավարներ՝ ոչ պատշաճ տեսքի համար, 3 տարածքի խոշոր, բարձր պարիսպներ են ապամոնտաժվել, մեծ քանակությամբ ինքնաշեն սարքված մետաղական գույքեր են դուրս բերվել»,-ասաց նա:
Անդրադառնալով դատական գործերին՝ Վահե Գուլանյանն ասաց, որ այս տարի իր կողմից շուրջ 113 հայցադիմում է ներկայացվել դատարան՝ ընդհանուր 80 մլն դրամ բռնագանձելու պահանջով:
«Դատական գործերից 61-ը տարվա սկզբին ենք դիմել, 27-ը երկրորդ եռամսյակի ընթացքում, 25-ը՝ երրորդ եռամսյակին: 2017թ. ընդհանուր 50 հայցադիմում ներկայացվել է պայմանագրի լուծարման համար, որպեսզի վտարենք տարածքներից»,-ասաց նա:
Հարցին, թե տեղի՞ն են այն դիտարկումները, որ շատ ազդեցիկ օլիգարխներ և պաշտոնյաներ Սևանի ափին ամառանոցներ ունեն, և ՊՈԱԿ-ի՝ այսպես ասած «ատամը չի կտրում» նրանց պատկանող շինությունները ևս ապամոնտաժել, Վահե Գուլանյանը պատասխանեց. «Դուք սխալվում եք, հակառակը՝ առաջինն այն մարդկանցն ենք ապամոնտաժում, որոնք կարծում են, թե իրենք անձեռնմխելի են: Եվ հետո դա իմ ատամը չէ, դա օրենքի ատամն է, օրենքը անվերապահորեն ենք կիրառում և երբևիցե չենք հարցնում սա ո՞ւմն է, անե՞նք, թե չանենք»:
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենը հրաժարվեց անուններ թվարկել:
«Անուններ իհարկե չեմ տա, դա այլ երանգ կստանա, բայց պաշտոնական հանդիպումների ժամանակ կտամ այն մարդկանց անունները, ովքեր իրենց անկարգ կպահեն: Իսկ անուններ տալ չեմ կարող, նախ, որովհետև այդ գույքը Ձեր պատկերված մարդկանց անուններով չէ: Եվ հետո հենց առաջինն ընդդիմացողներին ու այն մարդկանց ապօրինի շինությունն ենք ապամոնտաժում, ովքեր մտածում են, որ իրենք արտոնյալ են»,-ասաց նա և հավելեց, թե այսօր իրենց մոտ այս ծրագիրը ստացվում է նաև հենց այդ պատճառով:
«Որովհետև կողքի խեղճ մարդը, որ ունի ընդամենը մեկ տնակ, տեսնում է, որ խոշորը քանդեցինք, նշանակում է, որ ինքը իր տնակը կվերցնի, կգնա, առանց մեր այնտեղ հասնելու, և դա ստացվում է մեզ մոտ»,-ասաց նա:
Շարունակելով ներկայացնել կատարված աշխատանքը, և անդրադառնալով Սևանա լճի ջրածածկ անտառների մաքրմանը՝ ՊՈԱԿ- տնօրենն ասաց, որ 2002-2017թթ-ը մաքրվել է 2100 հա անտառածածկ տարած, որից 300 հա-ը միայն «Սևան ազգային պարկի» կողմից: «Իսկ սա նշանակում է, որ շուրջ 380 մլն դրամ պետությունը փող է տնտեսել»,-նշեց նա:
Վահե Գուլանյանը նշեց, որ ակտիվ մասնակցել են «Մաքուր Հայաստան» ծրագրին: «Վարձակալները բողոքում էին իմ կոպիտ պահանջից, որ եթե որևէ մեկը չունենա աղբահեռացման պայմանագրեր, բոլորի հողօգտագործման պայմանագրերը կդադարեցնեմ: Բողոքներ եղան, որ շատ կոպիտ գրություն եմ ուղարկում, որն ինձ, իհարկե, քիչ է հետաքրքրում՝ իրենք վիրավորե՞լ են, թե ոչ. եթե մարդն իր ոտքի տակի աղբը չի նկատում, ինքն ընդամենը խոզ է, եթե չի բարեհաճում իր չորս բոլորը մաքրել, ուրեմն խոզ է: Արդյունքում ներկայումս 247 կետում տեղադրված են աղբամաններ և կանոնավոր աղբը հեռացվում է հիմա: Իհարկե, էլի բավարարված չեմ, որովհետև դեռևս շատ անելիքներ դեռ կան»,-ասաց նա:
Ի դեպ, ըստ նրա, ՊՈԱԿ-ի և Ֆրանս-հայկական զարգացման «Բիոլա» հիմնադրամի համագործակցության արդյունքում «Սևան ազգային պարկին» տրվել են 158 ժամանակակից աղբամաններ՝ 1100 և 240 լիտր տարողություններով, ինչպես նաև 20 անձի աշխատանքի են ընդունել աղբահեռացման համար հիմնադրամի միջոցներով:
«Նրանք նաև հագուստ տրամադրեցին, 100-ից ավելի ցուցանակներ տրամադրեցին, ցուցումներով, որ աղբ չթափեն: Համագոյակցությունը շարունակվում է, գոհ ենք միմյանցից»,-ասաց նա: