Կառավարության այսօրվա նիստում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը,-այս մասին հայտնում է ORER.am-ը: Նախարարը ներկայացրեց օրենքի ընդամնեը մի քանի դրույթ և անցում կատարեց հաջորդ օրենքին, ինչն էլ բարկացրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանին, և ինքն անձամբ մանրամասնեց. «Նոր օրենքով 40%-ով ավելացել է պարգևավճարների չափը: Այս ամենը Դուք պետք է ասեք, ոչ թե ես»: Վարչապետը նաև անդրադարձավ հղիների դժգոհությանն արժանացած օրենքին և խոսքն ուղղելով Արտեմ Ասատրյանին ասաց. «Այդ օրենքի վերաբերյալ բազմաթիվ դժգոհություն կա, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ հղի կինը չտուժի: Սա ընդունեք հիմք, քանի որ հանրությունը պետք է իմանա, որ Կառավարությունը չի գնալու մի քայլի, որի արդյուքում կտուժեն հղի կանայք»: Ասատրյանի պատասխանին, թե հանրային քննարկումներ են ընթացում այն հարցի վերաբերյալ` վարչապետն արձագանքեց. «Հանրային քննարկումներից ես ոչ մի լավ արձագանք չեմ լսել, միայն դժգոհություն եմ լսում»: Արտեմ Ասատրյանն ասաց, որ քննարկումների ավարտից հետո վերջնական տարբերակը կներկայացվի կառավարությանը: