Մեծ Սարիարի գյուղապետարանի շենքում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 82 000 հողի հարկի վարձ
SocietyՇիրակի մարզի Մեծ Սարիար համայնքի գյուղապետարանում այսօր տեղի ունեցած հրդեհի հետևանքով այրվել է 82 000 դրամի հողի հարկ, և առայժմ հայտնի չէ, թե արդյոք այրվել են գյուղապետարանի փաստաթղթերը, քանի որ գյուղապետարանի աշխատակիցներն ու դեպքի վայր ժամանած հրշեջները դեռ չեն բացել գյուղապետարանի չհրկիզվող պահարանները, որտեղ պահվում են կարևորագույն փաստաթղթերը:
«Փող … 82 հազար դրամ, երեկ էինք հավաքել հողի վարձակալության գումար»,- Tert.am-ին հայտնեց Մեծ Սարիարի գյուղապետ Բաբկեն Ավետիսյանը։
Հիշեցնենք, որ Մեծ Սարիար գյուղի գյուղապետարանում բռնկված հրդեհը մեկուսացվել էր ժամը 01:58-ին, մարվել՝ 06:24-ին, և ամբողջությամբ այրվել է գյուղի 1-ին փողոցում գտնվող գյուղապետարանի փայտե շենքը (մոտ 150 քմ)՝ գույքով:
Գյուղապետն ասաց, որ դեռ վաղ է հրդեհի բռնկման պատճառների մասին խոսելը:
«Հլը դեռ պարզ չի … մասնագետները եկել են, կպարզեն, որովհետև հա՛մ կայծակ էր, հա՛մ ուժեղ քամի, հնարավոր է՝ հոսանքից էլ լիներ»,- ասաց գյուղապետը:
Նրա խոսքով, քանի որ գյուղապետարանի շենքն ամբողջությամբ այրվել է, հնարավոր է որպես գյուղապետարանի տարածք օգտագործեն գյուղում չգտնվող համագյուղացիներից որևէ մեկի տունը, կամ, գյուղի դպրոցում մի քանի սենյակ վերցնեն: