Գևորգ Կոստանյանը՝ Մարտի 1-ի և Աղվան Հովեփյանի հայտարարության մասին
Գլխավոր դատախազին ուղղված հարցին, թե Աղվան Հովսեփյանի այն հայտարարությունը, որ Մարտի 1-ի բոլոր բացահայտումներն արված են, արդյո՞ք անպատասխանատու հայտարարություն չէ, Կոստանյանը պատասխանեց. «Աղվան Հովսեփյանն ինքը թող մեկնաբանի իր հայտարարությունը: Իմ հայտարարությունը հետևյալն է: Քրեական դատավարության մեջ գոյություն ունեցող ամենակարևոր սկզբունքը գործի արդյունավետ քննությունն է, ընդ որում դա ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլև միջազգային քրեական իրավունքի տեսանկյունից է: Արդյունավետ քննության երաշխիքները հետևյալն են՝ լրիվություն, բազմակողմանիություն և արդյունավետություն: Չկա «գործի բացահայտվածություն» սկզբունք. ինչու՞, որովհետև գործի կանխավարկածն այնպիսին է, որ եթե իմ նշած երեք սկզբունքները քո գործի քննության ընթացքում ապահովում ես, հետևաբար դու ճշմարտությունը պարզել ես, իսկ թե ինչքան է դա հնարավոր հանգեցնել գործի բացահայտվածությանը, հարցի երկրորդ կողմն է: Իմ ասածն այն է, որ եթե այս երեք սկզբունքները ապահովում են, ապա քրեական վարույթը ենթակա է ավարտման: Մի դեպքը գործը կարճելու, մյուս դեպքում անձանց քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու, մյուս դեպքում, երբ այդ երեքը արվում է, բայց հնարավոր չէ պարզել մեղավոր անձանց: Քանի դեռ այս երեք որոշումներից որևէ մեկը կայացած չէ, հետևաբար գործի լրիվության, բազմակողմանիության և օբյեկտիվության սկզբունքները դեռևս ապահովված չեն»: