Աղբահանության հարցը՝ բնապահպանների ուշադրության կենտրոնում
SocietyORER.news-ի հաղորդմամբ՝ այսօր մամուլի ասուլիսին բնապահպան Ինգա Զարաֆյանը եւ էկոլոգ, անկախ փորձագետ Լուսինե Թասլակյանն անդրադարձան աղբահանության խնդիրներին, գետերի ու լճերի աղտոտվածությանը:
Ինչպես նշեց Լուսինե Թասլակյանը, թեեւ Երեւանում ինչ-որ տեղաշարժ կա աղբահանության առումով, սակայն մարզերում շատ ավելի վատ է վիճակը:
«Աղբահանությունը մարզերում շատ վատ է կազմակերպված կամ ընդհանրապես կազմակերպված չէ, ինչի արդյունքում ընդունված է եղել աղբը թողնել գետերի ափերին եւ մտածել, թե գետը կտանի: Սակայն գետը ունակ չէ ամեն ինչ տանել, շատ դեպքում ամռան ընթացքում ջրի քանակը պակասում է եւ այդ աղբը կուտակվում է ափերին: Գետերի շունչը բացելու խնդիր ունենք»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է լինի աղբի տեսակավորում, կառավարում:
Բանախոս Ինգա Զարաֆյանն էլ որպես ամենամեծ խնդիրն աղբի կառավարումը համարեց, որը, ըստ նրա, Հայաստանում բացակայում է:
«Մեզ մոտ չեն կիրառվում եվրոպական ստանդարտներ, ժամանակակից տեխնոլոգիաներ: Մենք խնդիրը չենք լուծում, պարզապես աղբը տանում ենք այստեղ, այնտեղ ու ծախսում ենք մեծ գումարներ»,- ասաց նա եւ նշեց, որ բազմաթիվ վարկեր, գումարներ կան ուղղված աղբահանությանը:
Նա նաեւ անդրադարձավ կառավարության «Մաքուր Հայաստան» ծրագրին. «Թեեւ այն լավ ծրագիր է, սակայն ուղղված է տեսարժան վայրերի մաքրմանը: Այս ծրագիրը շատ նման է ակցիայի, դա կառավարման խնդիր չի լուծում, իսկ մենք դրա պահանջն ունենք:
Մենք ունենք, իհարկե, ռազմավարություն, սակայն այնտեղ աղբի վերամշակման մասին մի տող է ասված եւ ոչ մի միջոցառում նախատեսված չէ»,- ասաց բանախոսը: