Ուրախալի հրավեր
AnalysisArmenia24.info-ն գրում է.
Սերժ Սարգսյանն այսօր՝ հուլիսի 5-ին, մեկնելու է Իրանի Իսլամական հանրապետություն, մասնակցելու Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդման պաշտոնական արարողությանը:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը կասեցրել էր իր արձակուրդը, Իրան կատարվելիք պաշտոնական այցի համար: 68-ամյա Հասան Ռոհանին երկրորդ անգամ նախագահի պաշտոնում ընտրվել է մայիսի 19-ին կայացած ընտրությունների արդյունքում։
Այս հանգամանքը կարևոր է մի քանի ասպեկտներում: Մեկ անգամ չէ, որ գրել ենք, Հայաստան-Իրան հարաբերությունների կարևորության և ռազմավարական նշանակության մասին:
ՀՀ նախագահի մասնակցությունն այդ երկրում, նախագահի երդմնակալության արարողությանը, բավականին կարևոր հանգամանք է: Սովորաբար, անգամ հրավեր ստացած երկրները, առաջին դեմքերի մակարդակով չեն մասնակցում այդ արարողություններին: ՀՀ առաջին դեմքի մասնակցությունը երդմնակալության արարողությանը փաստում է այն հանգամանքը, որ Իրան-Հայաստան հարաբերությունները տեղափոխվել են որակական նոր փուլ:
ԱՄՆ և երեկ առավոտյան տարածված տեղեկությունների համաձայն ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի դեմ, Հայաստանի տնտեսությունը կկանգնեցի նոր մարտահրավերների առաջ: Այս առումով, մեր բնական ու աշխարհագրական գործընկեր հարևանը, անփոխարինելի է, այդ տնտեսական բացասական խնդիրները նվազեցնելու առումով:
Աշխարհաքաղաքական առումով, եթե մեր այսպես ասած ռազմավարական կարևորագույն գործընկեր Ռուսաստանը շարունակում է սիրահետել մեր քաղաքական հակառակորդ Թուրքիային, ապա Իրանի քաղաքականությունը կարծես թե այդ երկրի նկատմամբ հստակ է: Այն է՝ ելնելով սեփական շահերից, խիստ բացասական, որոնք մեկ անգամ չէ, որ արտահայտվել են վերջին փուլում:
Իհարկե, ԱՄՆ-ն, նորից փորձ կատարելով պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ, փոքր ինչ խառնում է խաղաքարտերը, սակայն չմոռանանք, որ ԵՄ-ն, ի տարբերություն նախորդ անգամների, ոգևորված չէ նման հեռանկարով և չի աջակցում ԱՄՆ-ի քաղաքականությանը՝ Իրանի նկատմամբ:
Մնում է գոնե այս անգամ, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջին պատասխանատուները ճիշտ կողմնորոշվեն և հստակ գիտակցեն իրավիճակը:
Զաբել Ռուբինյան