Այդ ծանր վիճակում տեղափոխել են «Վարդաշեն»․ 8 ամսական երկվորյակներին մահացու վրաերթի մեջ մեղադրվողի պաշտպան
SocietyNEWS.am-ը գրում է.
Երեւանի Նորք-Մարաշ համայնքի Արմենակյան փողոցում 2015թ. փետրվարին 8 ամսական երկվորյակ եղբայրներին մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող 51–ամյա Ռազմիկ Ավետիսյանը, որը 7 տարվա ազատազրկման է դատապարտվել, «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Լուսնթագ Բադալյանը։ Նա նշեց, որ իր պաշտպանյալը բազմաթիվ առողջական խնդիր ունի, ենթարկվել է նաեւ սրտի վիրահատության, սակայն, այդ վիճակում նրան տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ։
«Դատավճռի օրը բերել էին դատարան, գույնը լրիվ դեղին էր եւ այդ վիճակում միանգամից նրան տեղափոխել են «Վարդաշեն»»,-ասաց պաշտպանը։
Նշենք, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ Ռազմիկ Ավետիսյանը 2016թ․ հունիսի 10-ին գրավով ազատ էր արձակվել, սակայն, Վերաքննիչ դատարանը անթույլատրելի էր համարել եւ նրան կրկին կալանքի տակ վերցրել։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 19-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, քաղաքացի Ռազմիկ Ավետիսյանը վրաերթի է ենթարկել 82-ամյա Անահիտ Կարապետյանին, ապա դուրս եկել երթեւեկելու գոտուց եւ բարձրանալով մայթին՝ վրաերթի ենթարկել 29-ամյա Աննա Հարությունյանին, նրա մանկահասակ երկվորյակ որդիներին, այնուհետեւ բախվել ցանկապատին: Երկվորյակները մահացել են, նրանց մայրն էլ վնասվածքներ ստացել։
Ռազմիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենս
գրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, ինչն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց մահ: Նա իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ՝ պատճառաբանելով, թե դեպքի պահին գիտակցությունը կորցրած է եղել: