Երկու տղա մտան աշխատասենյակ, հայհոյանքներ սկսվեցին. «Պատանի լրագրողների» դպրոցում տեղի ունեցած սպանության գործով վկա
Society«Պատանի լրագրողների» դպրոցում 2016թ. հոկտեմբերի 19-ին 22-ամյա Լեւոն Սահակյանի սպանության գործով դատական նիստին այսօր՝ օգոստոսի 8-ին, Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունք տվեց դպրցի աշխատակիցներից Անահիտ Սուքիասյանը։ Նա նշեց, որ սպանության օրը «Պատանի լրագրողների» դպրոցում աշխատանքի է եղել, երբ երկու տղա են եկել եւ մտել տնօրենի՝ Վահան Ղազարյանի սենյակ, որից հետո հայհոյանքներ են սկսվել, կռիվ։
«Հետո ապակու կոտրվելու ձայն լսեցինք, այդ պահին աշխատակիցներից Գեւորգը վազեց նրա աշխատասենյակ, հետո եկավ շոկի մեջ էր, բան չէր կարող ասել։ Հայհոյանքներից հետո Վահանը դուրս եկավ, ներողություն խնդրեց, հետո ուշ ժամի զանգեց էլի ներողություն խնդրեց ինձանից։ Հետո իմացա, որ աշխատավարձի խնդիր է եղել, այդ հարցի շուրջ կռիվ է եղել, թե ինչ է եղել հետո, ես լրատվամիջոցներից եմ իմացել, թե ինչ է եղել։ Հետո իմացել եմ, որ Լեւոնը ցանկացել է իմ տեսախցիկը վերցնել աշխատավարձի փոխարեն։ Ես Արեգնազին էլ չէի ճանաչում, որովհետեւ, երբ ես աշխատանքի ընդունվեցի, նա արդեն դուրս էր եկել»,-ասաց նա։
Հիշեցնենք, որ 2016թ. հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի եւ Լեւոն Սահակյանի միջեւ վիճաբանությունը սկսվել էր Լեւոնի նշանածի աշխատավարձը չվճարելու պատճառով: Լեւոնի նշանածը՝ Սեւան քաղաքի բնակչուհի Արեգնազը, աշխատելիս է եղել Վահան Ղազարյանի մոտ, որին դպրոցի տնօրինությունը աշխատավարձը չի վճարել: Այդ օրը Վահան Ղազարյանը 22-ամյա երիտասարդին զանգել եւ կանչել է դպրոց՝ նշանածի աշխատավարձը տալու համար, սակայն, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որից հետո սրտի եւ թոքի վնասվածքներով Լեւոնը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ երկու օր անց մահացել է:
Վահան Ղազարյանը կալանավորված է: