ՏՏ ոլորտը կարող է լինել հայ-կորեական տնտեսական համագործակցության հիմնաքարը. Կորեայում Հայաստանի դեսպան
EconomicsՀայաստանի տնտեսության հիմնասյուներից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է, որը, ըստ Կորեայում Հայաստանի դեսպան Հրանտ Պողոսյանի, Կորեայի հետ համագործակցության ընդլայնման համատեքստում մեծ ներուժ ունի: The Korea post-ին տված հարցազրույցում դեսպանն անդրադարձել է հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայիս վիճակին եւ զարգացման հեռանկարներին:
«Նույնիսկ խորհրդային տարիներին Հայաստանը հայտնի էր որպես «ԽՍՀՄ սիլիկոնյան հովիտ» եւ 1991 թվականի անկախությունից հետո արդյունաբերությունը թեքվեց դեպի համակարգչային ծրագրերի ապահովման, ՏՏ ծառայությունների ոլորտները: Սա Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է, որը տարեկան ընդլայնվում է 20 տոկոսով: Ըստ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի՝ շուրջ 15000 մարդ ներկայումս աշխատում է ավելի քան 400 ՏՏ ընկերություններում:
Համաշխարհային առաջատար այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Intel-ը, Oracle-ը եւ D-Link-ն արդեն իսկ ունեն իրենց գրասենյակները Երեւանում: PicsArt-ը, որը մեկնարկեց աշխատանքները 2015 թվականից, արդեն իսկ բջջային ֆոտոխմբագրման համաշխարհային առաջատար հավելվածներից է: Այն ամսական ունի 90 մլն օգտատեր: Հաշվի առնելով այն, որ Կորեան եւս մեծ փորձ ունի ՏՏ ոլորտում՝ ենթադրում եմ, որ այս ոլորտը կարող է լինել Հայաստանի հետ տնտեսական համագործակցության ընդլայնման հիմնաքարը »,- ասել է նա:
Հրանտ Պողոսյանը, բացի ՏՏ ոլորտից համագործակցության համար առանձնացրել է նաեւ գյուղատնտեսության ոլորտը, որը նրա խոսքով՝ նպատակահարմար է առեւտրային կապերի ձեւավորման եւ ներդրումների ներգրավման համար:
«Հատկանշական է, որ գյուղատնտեսության ոլորտում կորեական որոշ զարգացման ծրագրեր արդեն իսկ իրականացվում են Հայաստանի մի շարք մարզերում»,-ընդգծել է դեսպանը:
Անդրադառնալով Հայաստանի եւ Կորեայի միջեւ առեւտրաշրջանառության ծավալին՝ Հրանտ Պողոսյանը նշել է, որ թեպետ այն բավականին համեստ է, սակայն մեծ է նաեւ այն ընդլայնելու ներուժը:
« Վերջին մի քանի տարիների մեր առեւտրաշրջանառությունը եղել է տարեկան 50-100 մլն դոլարի սահմաններում, որն իսկապես չի արտացոլում մեր երկրների միջեւ առկա ներուժը: Չնայած հայկական շուկան փոքր է, սակայն մենք անդամակցում ենք ԵԱՏՄ-ին, որը բավականին մեծ շուկա է 180 մլն բնակչությամբ: Մենք շուտով Իրանի հետ կունենանք ազատ առեւտրի գոտի, որը նույնպես մեծ շուկա է 80 մլն բնակչությամբ: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա կոնկրետ կորեացի ընկերություններին հետաքրքրում են հիմնականում ՏՏ, հանքարդյունաբերության, ճանապարհաշինության, զբոսաշրջության, կրթության եւ եւս մի քանի ոլորտներ»,-նշել է Հրանտ Պողոսյանը՝ հավելելով, որ Հայաստանն իր տնտեսությամբ դեռեւս բավարար ճանաչված չէ Կորեայում, սակայն այդ հարցի կարգավորման ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են: