Հայաստանի TOP-10 առևտրային գործընկերները
Economics2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 2 մլրդ 815 մլն ԱՄՆ դոլար, ինչը 24%-ով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշին։
Արտաքին առևտրի հաշվեկշիռը կիսամյակի կտրվածքով բացասական է՝ -827.3 մլն ԱՄՆ դոլար։
ՀՀ արտաքին առևտրաշրջանառության 29.2%-ը (822 մլն դոլար) բաժին է ընկնում ԱՊՀ երկրներին։ Նշենք, որ 2016 թվականի առաջին կիսամյակի համեմատ ԱՊՀ երկրների տեսակարար կշիռը 0.6 տոկոսային կետով նվազել է։
ԵՄ երկրների հետ մեր առևտուրը կրճատվել է 1.2 տոկոսային կետով և այս տարվա առաջին կիսամյակում ԵՄ -ի տեսակարար կշիռը կազմել է 24.1% (677.1 մլն դոլար)։
Այլ երկրների հետ առևտրաշրջանառությունը աճել է 1.7 տոկոսային կետով և հասել 46.7%-ի (1 մլրդ 315.9 մլն դոլար)։ Այլ երկրների թվում շոշափելի աճ է գրանցվել հատկապես Շվեյցարիայի գծով։ Այս երկրի հետ մեր արտաքին առևտուրը աճել է 4.1 անգամ և 2016 թվականի առաջին կիսամյակի 41.1 մլն դոլարից հասել է 170 մլն դոլարի։
Եթե դիտարկենք ըստ երկրներ՝ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկեր-երկրների ցանկը գլխավորում է Ռուսաստանը՝ 737.5 մլն դոլար։
Խոշորագույն առևտրային գործընկերների TOP տասնյակում են նաև Չինաստանը, Շվեյցարիան, Գերմանիան, Բուլղարիան և այլն։
Նշենք, որ 10 առևտրային գործընկերներից 6-ի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը ունի բացասական հաշվեկշիռ՝ ավելի շատ ներմուծում ենք, քան արտահանում։
Դրական հաշվեկշիռ ունենք Շվեյցարիայի, Բուլղարիայի, Վրաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առևտրում։