Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը աջակցելու է փոքր և միջին ֆերմերային տնտեսություններին
EconomicsԳյուղատնտեսության զարգացման հիմնադրամը պետություն-մասնավոր համագործակցության ծրագրի շրջանակում ստեղծելու է գյուղատնտեսական տեխնիկայի կայաններ: Օգոստոսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը:
«Գյուղտատնտեսական տեխնիկայի կայանները հագեցած են լինելու նորագույն տեխնոլոգիաներով, բերվելու են ամենաբարձր չափանիշներին համահունչ տեխնիկաներ և շնորհիվ կենտրոնացված կառավարմանը` փոքր և միջին ֆերմերային տնտեսություններին հնարավորություն է տրվելու օգտվել այդ տեխնիկայից»,- ասաց Գևորգյանը:
Նա կարևորեց այս ծրագրի իրականացումը, քանի որ, ի տարբերություն մեծ ֆերմերների, փոքր և միջին ֆերմերները ֆինանսապես ի վիճակի չեն գնել թանկարժեք գյուղտեխնիկա:
«Այս ծրագրով նրանք կարողանալու են ավելի արդյունավետ իրենց հողը մշակել և դրանով ապահովել բարձր բերքատվությունը»,- ասաց Գևորգյանը:
Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամը նաև զբաղվելու է կերարտադրության վերաբերող ծրագրերով, ինչը միաժամանակ մեծապես խթանելու է անասնապահության զարգացումը: