Պաշտոնական. Ալեքսանդր Գրիգորյանը հեռացավ «Անժիից»
SportՄախաչկալայի «Անժիի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրում Մոսկվայի «Դինամոյից» 1:3 հաշվով կրած պարտությունից հետո հրաժարական է տվել: «Անժին» ընդունել է ռուսաստանցի մասնագետի հրաժարականը եւ նրան շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար, հայտնում է ակումբի կայքը:
«Ես արդեն «Անժիի» գլխավոր մարզիչը չեմ: Որակյալ խաղ էր, բայց մենք պարտվեցինք: Սա առաջին դեպքը չէ: Նման դեպքերում մարզիչը պետք է տղամարդկություն դրսեւորի եւ հրաժարական տա, ինչն էլ ես անում եմ»,- «Դինամոյի» դեմ հանդիպումից հետո ուղիղ եթերում ասել է Ալեքսանդր Գրիգորյանը, փոխանցում է «Чемпионат.com»-ը:
50-ամյա մասնագետը նաեւ դիմել է «Անժիի» երկրպագուներին.
«Ինձ համար սա չափազանց կարեւոր փուլ էր: Մախաչկալան ինձ համար հարազատ վայր է: Այդ պատճառով ինձ համար շատ կարեւոր էր ոչ թե այն, որ հայտնվել եմ Պրեմյեր լիգայում, այլ այն, որ Մախաչկալայում եմ: Այստեղ բարձր պատասխանատվություն կար: Մախաչկալայում շատ հարմարավետ էի զգում ինձ: Այստեղ կան աշխատելու պայմաններ, ակումբի մարզաբազան շքեղ է: Իհարկե, մենք այլ արդյունք էինք ակնկալում, հավատում էինք ավելի լավին, սակայն կյանքն այլ կերպ է դասավորվում: Երբ հավաքվում են խաղեր, որոնցում թիմը չի զիջում մրցակցին, բայց պարտվում է, ապա այդպիսի իրավիճակում մարզիչը պետք է հրաժարական տա»,- Գրիգորյանի խոսքը մեջբերում է ակումբի կայքը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Գրիգորյանն այս տարվա հունվարին էր գլխավորել «Անժին», որը Ռուսաստանի նախորդ առաջնությունում գրավեց 12-րդ տեղը։ Այս ամռանը նա մեկ տարով երկարաձգել էր գործող պայմանագիրը:
Ռուսաստանի ընթացիկ առաջնության մեկնարկային 6 տուրերում «Անժին» տարել է մեկ հաղթանակ եւ կրել 5 պարտություն: