Լևոն Արոնյանն ու Գարի Կասպարովը մասնակցում են Grand Chess Tour-ին
SportԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում օգոստոսի 14-19-ը կանցկացվի Grand Chess Tour-ի չորրորդ փուլը, որին կմասնակցի տասը գրոսմայստեր, այդ թվում՝ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը: Մրցաշարի մասնակիցները կխաղան արագ շախմատի մեկ և կայծակնայինի երկու շրջան:
Արմենպրեսի փոխանցմամբ, արդեն տեղի է ունեցել մրցաշարի բացման արարողությունն ու վիճակահանությունը: Մասնակիցների կազմն այսպիսին է. Գարրի Կասպարով (ՌԴ), Լևոն Արոնյան (Հայաստան), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան), Սերգեյ Կարյակին (ՌԴ), Յան Նեպոմնյաշչի (ՌԴ), Լենյեր Դոմինգես (Կուբա), Դավիթ Նավարա (Չեխիա), Լե Կուանգ Լյեմ (Վիետնամ):
Առաջին տուրում Լևոն Արոնյանը կհանդիպի չեխ Դավիդ Նավարային, իսկ Կասպարովը՝ ռուս Սերգեյ Կարյակինին:
Օգոստոսի 14-16-ը գրոսմայստերները կմրցեն արագ շախմատում, 17-18-ը` կայծակնայինում: Արագ շախմատում հաղթանակը 2 միավոր է, ոչ-ոքին` 1, կայծակնայինում հաղթանակը` 1, ոչ-ոքին կես միավոր: