«Խոսրովի անտառ»-ում հրդեհի մարման դժվարությունները կապված են ռելիեֆի, աննախադեպ ջերմային ռեժիմի հետ
Interview«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը սեղմ ժամկետներում մեկուսացնելու, ապա մարելու համար ամեն ինչ արվում է պատրաստվածության բարձր մակարդակով: ՀՀ ԱԻՆ Աղետների հետևանքների վերացման պլանավորման, կանխատեսումների և ծրագրավորման բաժնի պետ Արտավազդ Դավթյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց, որ նմանատիպ բարդագույն հրդեհներ աշխարհի տարբեր երկրներում էլ լինում են, Հայաստանում սակայն, հրդեհի մարման դժվարությունները կապված են ռելիեֆի, ինչպես նաեւ աննախադեպ ջերմային ռեժիմի հետ: «Ես չէի ասի, որ Հայաստանը պատրաստ չէր այս հրդեհին: Վստահ եղեք, որ մենք պատրաստ ենք եւ առավելագույնս անում ենք, որպեսզի սեղմ ժամկետներում այս հրդեհը մեկուսացվի: Սա ոչ միայն ԱԻՆ-ի ջանքերն են, այս գործընթացում ներգրավված են նաեւ Պաշտպանության և բնապահպանության նախարարությունները, ոստիկանությունը, տեղական իշխանությունները»,-ասաց նա:
Արտավազդ Դավթյանի խոսքով՝ անտառային հատվածներում հրդեհաշիջման տեխնիկան տարբերվում է քաղաքայինից: «Կոնկրետ Խոսրովի արգելոցում մինչեւ 2300 մետր բարձրություններ ունենք, եւ բնական է, որ հրդեհաշիջումն այս առումով որոշակի առանձնահատկություններ պետք է ունենա»,-ասաց նա:
ՀՀ ԱԻՆ պետը դժվարացավ նախնական վնասի մասին տեղեկատվություն հաղորդել, նշելով, որ դա հետագայի խնդիր է, քանի որ հրդեհի վայրում դեռեւս առաջին արձագանքման աշխատանքներ են տարվում:
Օգոստոսի 12-ին՝ ժամը 12:30-ին, ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: «Զիմա» տարածքից բռնկված հրդեհը դեռ չի մարել: