Հիստերիկների երկիր իմ Հայաստան
AnalysisArmenia24.info-ն գրում է.
Չգիտեմ, ով ինչպես է վերաբերվում Վալերի Օսիպյանին, սակայն փողոցային պայքարին մասնակցող յուրաքանչյուր ոք, կարող է նրա նկատմամբ ունենալ որոշակի վերապահում: Դա բնական է, քանի որ Հայաստանում իրավունքի, ավանդույթի և սեփական ցանկությունների սահմանը միշտ էլ խախտված է եղել:
Հիշում եմ, մի օր, էլեկտրիկ Երևանի ցույցերից հետո, անգամ որոշել էի Օսպիյանին հրավիրել գարեջուր խմելու: Զարմացած էի նրա համբերատարությամբ: Չգիտեմ, թե ինչու մտափոխվեցի: Իհարկե, վերապահում, կանխակալ վերաբերմունք կամ սեփական բացասական դիրքորոշում կարող է ունենալ յուրաքանչյուր ոք, ցանկացած մեկի հանդեպ, ելնելով սեփական մոտեցումներից, հատկապես, եթե այդ մեկը, ոչ այնքան համակրանք վայելող՝ ոստիկանական համակարգի ներկայացուցիչ է:
Սակայն, այն տեղի ունեցավ օրերս, ի դերև հանեց հասարակության որոշակի խմբի հոգեկան խնդիրներ ունենալու հանգամանքը: Ուշադրություն դարձրեք, ես չեմ ասում գժեր: Այդ կատեգորիայի մարդիկ, շատ հետաքրքիր են ու դժվար է ասել, թե հոգեբուժարանների պատերից այս կողմ ապրողներն են ավելի խախտված, թե այդ պատերի ներսում հանգրվանածները:
Օսիպյանն ունեցել էր երեխա ու բնական է, որ լրատվության մեջ դա նշվեց: Սակայն ինչ տեղի ունեցավ հետ, իրոք սահմռկեցուցիչ էր: Եթե դուք երբևէ կուզենաք թարմացնել անեծքների, հայհոյանքների կամ բանահյուսական նման այլ ժանրերի ձեր գիտելիքները, ապա անպայման կարդացեք այդ նյութերի տակ առկա մեկնաբանությունները: Անեծքներ, լուտանքներ, հայհոյանքներ նոր ծնված ու դեռ ոչինչ չհասկացող երեխայի հասցեին:
Ու սա գրում են հիմնականում կանայք: Հասկանու՞մ եք, ուր ենք հասել: Ցանկացած միջավայրում, երեխայի ծնունդը միայն ու միայն ուրախություն է առաջացնում: Ու վերջ: Մարդուն կամ շնորհավորում են, կամ ոչինչ չեն ասում: Սակայն մեր ազգային մառազմն հասել է իր բարձրակետին:
Իսկ այդ նույն՝ հայհոյող պարմանիններին, որոնք իբրև իրենց պատկերացրած բլատնոյ հայեցակարգից՝ մուսոռին հասնում է, մոտիվացիան են ցուցաբերում, ակամա հարց ես ուզում հղել, որի պատասխանն իհարկե չունեն: Տղերք, տեղյա՞կ եք, որ երեխան ծնողի արարքների համար պատասխանատու չէ:
Վահրամ Թոքմաջյան